Արվեստի սոցիալական ուսումնասիրությունների արվեստանոց
(ղեկավար՝ Հրաչյա Կաժոյան)
Այս արվեստանոցի ուսումնասիրությունների շրջանակում արվեստի մարդկային, հոգևոր և սոցիալական չափումներն են: Արվեստի կատարյալ գործերը երբեմն լինում են այնքան վարակիչ, որ հասարակական հսկայածավալ տարածում են գտնում։ Մարդկային ի՞նչ պահանջներից է առաջանում դիցուք որևէ պատմավեպից, ֆիլմից իամ հուշարձանից ծնվող ձգողականությունը, որը բացվելով իբրև հրապարակ, կամ հիշողության դաշտ, ի զորու է լինում իր մեջ տեղավորել ոչ միայն առանձին ընթերցողի, այլև ամբողջ մի հասարակություն ու ժողովուրդ: Որտե՞ղ է թաքնված արվեստի գործերի հաղորդակցական և մեդիալ ներուժի ակունքը: Լինելով վերականգնելի ռեսուրս՝ որքանո՞վ է այդ ներուժը կառավարելի և կարելի՞ է արդյոք այն շրջել և ծառայեցնել առանձին մարդու, համայնքի, ամբողջական հասարակությունների և ընդհանրապես մարդկության առջև ծառացած ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը և ապագայի տեսլականներ կառուցելուն: Եվ ի՞նչն է դրդում մարդկանց զբաղվել «բարձր» արվեստի կամ սիրողական ինքնագործունեության այպիսի պրակտիկաներով, որոնք օգտագործում են ստեղծագործական ներազդման միջոցը որպես մարդկանց, խմբերի ու հասարակությունների կյանքը փոխակերպող գործիք: Արվեստանոցի շրջանավարտը կտիրապետի արվեստի հասարակական պահանջարկի և ազդեցության հետազոտության մոտեցումներին ու մարդաբանության, հոգեբանության և սոցիոլոգիայի միջև միջգիտակարգային վերլուծություններից զատ կկարողանա կատարել առանձին նախագիծ մշակելու համար անհրաժեշտ համատեքստային վերլուծություններ: