Արականությունը որպես գենդերային շարժում արդի հասարակության տիրույթում | Հրայր Խաչատրյան

ԺԱԻ-ն սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մշակութային մարդաբան Հրայր Խաչատրյանի բանախոսությունների շարքի առաջին բանախոսությանը․ «Արականությունը որպես գենդերային շարժում արդի հասարակության տիրույթում»։

Բանախոսությունը միտված է ներկայացնել հայ արականության արդի միտումները։ Բանախոսության ընթացքում քննարկվելու է այն գենդերային պրակտիկաները, որոնք հատկանշական են հայ հասարակության արական սեռին։ Այս ամենը նաև դիտարկվելու է ֆեմինիզմի և կինոյի համատեքստում։


Բանախոսությունների շարքը միտված է ներկայացնել խնդրահարույց թեմաներ, որոնք ունեն քննարկման, վերլուծման կարիք հումանիտար գիտությունների համատեքստում։

  1. Անգետ ուսուցիչը
    Մայիսի 29-ին, 19։00-ին, ԺԱԻ

Բանախոսության ընթացքում քննարկվելու է ֆրանսիայի փիլիսոփա Ժաք Ռանսիերի մանկավարժական տեսությունը։ Փորձ է կատարվելու դիտարկել նրա տեսությունը ժամանակակից հայ մանկավարժական մտքի համատեքստում։

  1. Երևանը որպես գեղարվեստական տեքստ
    Հունիսի 12-ին, 19։00-ին, ԺԱԻ

Բանախոսության մեջ դիտարկելու ենք Երևանը որպես գեղարվեստական տեքստ. քաղաքի սոցիալական հիշողությունը և Երևանի փոխակերպումները խորհրդային և հետխորհրդային շրջաններում։ Քննարման աղբյուրներն են Մկրտիչ Արմենի «Երևան» և Լուսինե Հովհաննիսյանի «Երևա Երևա Երևան» տեքստերը։

  1. Պատմության տեսությունը ըստ Մարկ Բլոկի
    Հունիսի 26-ին, 19։00-ին, ԺԱԻ

Բանախոսությունը միտված է «Աննալների դպրոցի» տեսությունների հիման վրա քննարկել, թե ինչպես են դպրոցի գիտնականները պատմության տիրույթը լայնացրել և այն դիտարկել քաղաքական շերտից այն կողմ՝ վերանայելով պատմական անցյալը:


Հրայր Խաչատրյանը մշակութային մարդաբան, ուսուցիչ և հասարակագետ է։ Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը մագիստրոսի կոչումով և պաշտպանել է «Արականության դրսևորումները Մարլոն Բրանդոյի ֆիլմերում» և «Արականության դրսևորումները հայկական կինոյում» թեմաները։

Հրայր Խաչատրյանը դասավանդում է «Էվրիստա» և «Եվրոպական» դպրոցներում՝ դասավանդելով հասարակագիտություն, հայոց և համաշխարհային պատմություն։ Նա նաև դասավանդում է «Կինոդպրոցում» կինոյի պատմություն առարկան, և աշխատում է «Էպիգրաֆ» գրախանութում որպես գրքերի առաջխաղացման ծրագրերի պատախանատու։

Հրայր Խաչատրյանը մի շարք մշակութաբանական, գրականագիտական հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ է: Բուն TV-ում վարել է «Սերունդ ԵՎՕՖ» հաղորդումը։

Այլ միջոցառումներ

Ժամանակակից ուսուցչի խնդիրները | Անգետ ուսուցիչը | Հրայր Խաչատրյան