Դեկտեմբերի 5-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ԺԱԻ) տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր ինստիտուտի տնօրինության և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ ԺԱԻ Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը՝ նշանավոր արվեստագետ Արման Գրիգորյանի (1960 – 2025) անունով անվանակոչելու որոշման հանրայնացմանը։
Մամլո ասուլիսին ներկա էին արվեստի քննադատ, համադրող, ԺԱԻ տնօրեն Նազարեթ Կարոյանը, արվեստագետ, արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանը, արվեստագետ Աշոտ Աշոտը (Աշոտ Ղազարյան), արվեստաբան, արվեստի պատմաբան և համադրող Լիլիթ Սարգսյանը, համադրող Շողակաթ Ղազարյանը։ Ասուլիսի մոդերատորն էր Զառա Հովհաննիսյանը։
Իր խոսքում Նազարեթ Կարոյանը նշեց․ «Արման Գրիգորյանը 3-րդ հարկ շարժման նախաձեռնողներից մեկն էր և դրա հիմնական գաղափարախոսը։ Այդ շարժումը սկիզբ առավ իբրև նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսների պարզ քննադատություն։ Դրանք հետաքրքիր չէին, պետք էր նորովի կազմակերպվեին։ Սակայն այս քննադատությունը չսահմանափակվեց զուտ ցուցահանդեսի կազմակերպումը թիրախավորելով, այլ ժամանակի ընթացքում ծավալվեց դեպի Խորհրդային Հայաստանի արվեստի գաղափարական ու կազմակերպական ողջ համակարգի հիմնովին վերափոխումը։ 3-րդ հարկի ցուցահանդեսները այն փորձադաշտն էին, որտեղ թրծվում էին այդ փոփոխությունները։ Ոչ այնքան գործը, որքան դրա ցուցադրությունը կարևոր դարձրած այդ շարժումը Հայաստանում սկզբնավորում էր քննադատության վրա հիմնված կուրատորական աշխատանքը, քննադատական կուրատորությունը։ Արման Գրիգորյանը, արվեստի ցուցադությունը քննադատական ու ստեղծագործական հիմքերի վրա կառուցելու իր մոտեցումներով՝Հայաստանում կուրատորական պրակտիկաների սկզբնավորողներից և թերևս առավել մեծ լուման ներդրածներից մեկն էր։ Այդ պատճառով էլ նրա հիշատակը հանրայնորեն վառ պահելու ավելի լավ տարբերակ չէր կարելի մտածել, եթե ոչ ԺԱԻ դպրոցը իր անունով վերանվանելը»։
Արման Գրիգորյանի մասին հիշողությունները շարունակվեցին, և Լիլիթ Սարգսյանը նշեց, որ Արման Գրիգորյանը, չնայած կուրատորական դպրոցում չդասավանդելուն, միևնույն է հոգով միշտ լսարանում էր, մինչև հիմա.
«Հիմա ես պիտի հուշերի մեջ ընկնեմ: Կապ չունի Արմանը փաստացի դասավանդում էր թե ոչ, թեպետ նա նաև դասավանդում էր գեղանկարչություն և կոմպոզիցիա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, բայց Արմանը իր էությամբ մի շատ կարևոր մարդկային հատկություն ուներ, դա կիսվելու իր բացառիկ ունակությունն էր, իր մարդկային, բարի , մարդամոտ, առատաձեռն լինելու իր խտացումը․․․ բավական էր Արմանին մի հարց տալը, Արմանի խոսքն ու միտքը, իր ծնողների հետ կապված հուշերով կիսվելը շատ կարևոր էին ու հատկապես ինձ շատ են օգնել մինչև հիմա դասավանդելու հարցում: Արմանը միշտ ներկա է: Ես դե տարիքով փոքր էի երրորդ հարկի տղաներից, մոտ 92-94 թթ հայտնվեցի ասպարեզում, ու Արմանը երևի ամենաբոցավառ կերպարն էր, եթե Նազարեթը իմ շատ պատանի պատկերացումներում կշռադատված ուսուցչի կերպարն էր մարմնավորում, ապա Արմանը բոցավառ ընկերոջ, որն իսպառ ջնջում էր բոլոր սահմանները: Ինձ համար հուզիչ է այսօր լինել ոչ միայն պարզապես Ժամանակակից արվեստի դպրոցի, այլև Արման Գրիգորյանի անվան դպրոցի դասախոս: Արմանի հետ սա ամենօրյա երկխոսության փորձառություն է, իմ խմբի ուսանողները կարող են փաստել, մենք նախանցյալ դասի ժամանակ Արմանին էինք լսում»:
Մամլո ասուլիսին ներկա էր նաև 3-րդ հարկ շարժման ու «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» պերֆորմանսի մասնակիցներից Աշոտ Աշոտը, որի կարծիքով Արման Գրիգորյանը շարժման խիղճն էր.
«Մեր շարժման մեջ Արմանն ինձ համար մեր խիղճն էր, մեկը շարժման «մատոռն» էր, շարժիչը, մյուսը ոգեշնչողը, ինքը մեր խիղճն էր, երբ ինչ-որ բան էր քննարկվում ամեն մեկս ճիշտ էինք դուրս գալիս, բայց երբ Արմանն էր մի բան ասում, մենք ամաչում էինք, որ ինչի դա հաշվի չառանք: Ինքը բոլորի մասին մտածում էր, նույնիսկ մտածում էր նրա մասին, ում պիտի մերժեր ու չցուցադրեր, շատ հետաքրքիր անձնավորություն էր: Բոլորս էլ սխալներ անում ենք, իհարկե, մենք ամեն տարի երբ գալիս էինք Հայաստան Փարիզից, Արմանի հետ խոսում էինք, ու ինքը միշտ ասում էր թե ում է պետք պաշտպանել, բոլորին ուզում էր պաշտպանել: Մի օր մեդիտացիայի մեջ, մի հետաքրքիր մեդիտատիվ նկար նկարեցի ու նվիրեցի Արմանին, անունն էլ՝ Կրիշնայի կարգադրությամբ հրեշտակը սպիտակ ներկ ա տանում նկարիչ Արման Գրիգորյանին: Երբ այդ նկարը նվիրեցի, շուռ տվեց, կարդաց, ես էլ զգացի, որ իր համար մի լավ բան արեցի: Եթե հիշում եք մեր ցուցահանդեսներից մեկում Արմանն ասաց, որ բոլոր ճնշվածներին պիտի ներկայացնել: Նա ինքն իրենով արդեն ժամանակակից էր, ու ես չեմ հավատում, որ չկա, ոնց որ ուշացել ու չի եկել ուղղակի»:
Մամլո ասուլիսը եզրափակեցին երկու համադրողները՝ Շողակաթ Ղազարյանն ու Ռուբեն Արևշատյանը, ովքեր վստահ են՝ ցուցահանդեսը դեռ նոր պատմություններ է առաջ քաշելու թե՛ շարժման, և թե՛ ցուցահանդեսի մասին:
Շողակաթ Ղազարյանը նշեց. «Այս նախագիծը մի քիչ պատահական հայտնվեց, ես երրորդ հարկի արխիվներն էի ուսումնասիրում, երբ հայտնաբերեցի Արամ Ուրուտյանի լուսանկարները, որ սիրողական լուսանկարիչ էր ու երրորդ հարկի շարժման մասնակիցների ընկերներից, որոշեցի իր հետ ծանոթանամ ու խոսեմ: Խոսեցինք այս պերֆորմանսի մասին, ասաց՝ գիտե՞ս ես դա նկարելու եմ վիդեոյով, ես զարմացա, չհավատացի, փնտրեց մի քանի շաբաթ, չգտավ, հետո ասաց, որ ընկերոջն ա տվել այդ ֆոտոապարատը, զանգեց ընկերոջը, որը պարզվեց մահացել է, ես մի անգամ էլ խնդրեցի, որ զանգի, գուցե՞ երեխաները պահել էին… ու պահել էին, հազիվ հասցրինք գտնել ու վերցնել այդքան տարի պահած աշխատանքը: Գտանք ու նայեցինք, ու այնպիսի էմոցիաներ ապրեցինք: Բայց ես պարտք զգացի, համ Արամի նկատմամբ, համ շարժման մասնակիցների նկատմամբ: Որոշեցի սկսել հետազոտություններ ու հարցազրույցներ անել մասնակիցերի հետ, եկա Նազարեթի ու Ռուբենի հետ խոսեցի, Ռուբենը մի լավ բան ասաց, որ այս ցուցահանդեսը կարող է ունենալ նեղ նշանակություն, կամ շատ մեծ, սոցիալ ու այդպես կարող է տարածվել»:
Ռուբեն Արևշատյանն էլ շարունակեց, որ մարդու մահից հետո շատ կարևոր է արխիվի ճիշտ ու ապահով պահելը: Արման Գրիգորյանի արխիվն արդեն Ժամանակակից արվեստի ինստիտուտում է: «Մարդու հեռանալուց հետո, սովորաբար արխիվը անհետանում է, եթե ճիշտ չեն արխիվացնում դա, սակայն ընտանիքի շնորհիվ մենք կարողացանք սիստեմավորված մոտենալ այդ խնդրին, մեզ հրավիրեցին արխիվի հետ աշխատելու, դրանից հետո ընտանիքը որոշեց, որ արխիվը կփոխանցի ԺԱԻ-ին, այսինքն հիմա ամբողջական արխիվը այստեղ է, ժամանակի ընթացքում կփոխանցվի նաև Արման Գրիգորյանի հարուստ գրադարանը, որով նա անընդհատ կիսվում էր բոլորի հետ»:
Նազարեթ Կարոյանն ավելացրեց, որ անպայման տարածք ու ճարտարապետություն են ստեղծելու, որպեսզի արխիվը դառնա հասանելի ուսումնասիրողների ու հետազոտողների համար:
Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեցին ԺԱԻ որոշման մանրամասները, ինչպես նաև հնարավորություն ստացանք մասնակցելու այդ որոշումը նշանավորելուն կոչված հանդիսավոր երկու միջոցառումներին – Արման Գրիգորյանի՝ ԺԱԻ տեղահատուկ ցուցադրությունների սրահում զետեղված և առաջիկա մեկ տարում հանգրվանող «Նոր հայացք» կտավի ներկայացմանը, ինչպես նաև ԺԱԻ ցուցասրահում «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» խորագրի ներքո կազմակերպված ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը, որն անդրադառնում է 1988 թվականին տեղի ունեցած նշանավոր պերֆորմանսին, համադրել են Շողակաթ Ղազարյանը (արվեստի համադրող, Նյու Յորք) և Ռուբեն Արևշատյանը (համադրող, ԺԱԻ արտադրության գծող փոխտնօրեն, Երևան)։
Այսուհետ ԺԱԻ Արվեստի դպրոցը կոչվում է Արման Գրիգորյան Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց, կամ կարճ՝ Արման Գրիգորյան դպրոց։
Նույն օրը 19:00-ին ԺԱԻ ցուցասրահում տեղի ունեցավ «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է 1988 թվականին տեղի ունեցած նշանավոր պերֆորմանսին։
Մամուլի անդրադարձներ՝















