Հուլիսի 2-ին ժամը 19։00-ին հրավիրում ենք ձեզ ԺԱԻ (հասցեն՝ Ավետ Ավիտսյան 47) Լիլիթ Մարտիրոսյանի՝ «Հողի մարմինը» ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 31-ը։
Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսի մասին
Ցուցահանդեսում ներկայացված է Լիլիթ Մարտիրոսյանի չորս աշխատանք՝ հողային տարածական ինստալացիաներ, որոնք միասին կազմում են մի ամբողջական իմերսիոն ցուցադրություն։
Լիլիթի օգտագործած նյութերը մի կողմից պարզ են, շոշափելի՝ հող, բուրդ, նորից հող․․․ Մյուս կողմից՝ բարդ, քանի որ վերածելով ձևերի՝ նա ստիպում է և՛ կտրվել իրենց մեջ պահած իրականությունից և՛ վերադառնալ ու առերեսվել դրան։
Հողը մեզ վերադարձնում է դեպի մեզ, դեպի այն տեղը, այն գետինը, որին կանգնած ենք։ Հողը մեզ հիշեցնում է նախնական բնական մի վիճակ, երբ մենք մեզ զգում ենք/էինք բնությանը մոտ, բնության մաս։
Հողը մեզ տալիս է տան, հարազատության, ամրության և ապահովության զգացում։ Ինչ-որ առումով նույնիսկ կարելի է ասել, թե հողը մենք ենք, կամ մենք հողից ենք։
Հենց այս ամենը պաշտպանելու և պահպանելու համար չէ՞, որ մարդիկ ոտքի են կանգնում, որ երկրները բանակներ են հանում միմյանց դեմ ու սկսում են պատերազմներ՝ առանց հետևանքների մասին դույզն-ինչ մտածելու․․․այն հետևանքների, որով հողն է արձագանքում՝ ծվեն-ծվեն լինելով։
Լիլիթ Մարտիրոսյանը հաճախ աշխատում է իմերսիվ ինստալացիաների հետ, որոնք ներառում են փորձառական տարրեր և տարածական փոխակերպումներ: Աշխատելով նյութի զգացականության հետ՝ նա ձգտում է ցուցահանդեսը մարմնական փորձառության վերածել։
Լիլիթ Գրիգորյան, ցուցահանդեսի համադրող
—-
Արվեստագետի մասին
Լիլիթ Մարտիրոսյանը վիզուալ արվեստագետ է և նկարիչ, ով հիմնականում աշխատում է ինստալացիայի, յուղաներկի, ջրաներկի և տպագրության հետ։ Նա առավել հայտնի է իր դիմանկարներով և իմերսիվ ինստալացիաներով, որոնք հաճախ ներառում են փորձառական տարրեր և տարածական փոխակերպումներ: Նրա ստեղծագործական մոտեցումը հաճախ ուսումնասիրում է նյութի կոնցեպտուալ բնույթը և մարդու ներսը՝ առաջարկելով զգայական և հոգեբանական ճանապարհորդություն դեպի ներքին վիճակներ և համատեղ միջավայրեր:
Լիլիթն ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից և ուսանել է մոնումենտալ գեղանկարչություն Շտիգլիցի անվան արվեստի և դիզայնի պետական ակադեմիայում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան): Նա ունեցել է անհատական ցուցահանդեսներ Գերմանիայում (The Substance, Ֆրայբուրգ 2024) և Հայաստանում (The Inside, Երևան 2025), ինչպես նաև բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ Եվրոպայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ What Color Will My Skin Be Under The Water (Բազել, 2024) և The 29th Annual Festival of Alternative Art (Երևան, 2025): Նրա տպագրական աշխատանքները ներկայացվել են Sarcelles International Biennale of Engraving (Փարիզ, 2023) և International Print Biennale Yerevan (2019, 2023) ցուցահանդեսներում: Լիլիթը մասնակցել է տարբեր միջազգային կացարանային ծրագրերի, այդ թվում՝ Atelier Mondial (Գերմանիա, 2024), Edition Basel (Շվեյցարիա, 2024) և Künstlerstadt Kalbe (Գերմանիա, 2023): Լինելով Artbox Entrepreneur դրամաշնորհի (2024) և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի (2026) դափնեկիր՝ նրա աշխատանքները ներկայացվել են Hyperallergic (Նյու Յորք, 2025) և EVNReport (Երևան, 2025) պարբերականներում։