Մշակույթի ենթակառուցվածքներ՝ հաստատություններ, տեխնոլոգիաներ, ավանդույթներ

ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Օր 1. Ինստիտուտներ. ո՞վ է մշակույթը դարձնում տեսանելի
Ինչո՞ւ են մշակութային որոշ երևույթներ դառնում հանրային կյանքի կարևոր մաս, իսկ մյուսները մնում են անտեսված։ Ի՞նչ ինստիտուտներ են անհրաժեշտ, որպեսզի մշակույթը լսելի դառնա, իսկ դրա խնդիրները՝ հանրային քննարկման առարկա։

Աշխատարանիառաջին օրը նվիրված կլինի մշակութային ինստիտուտների դերին հանրային մշակութային միջավայրի ձևավորման գործում։ Խորհրդային և հետխորհրդային մշակույթի պատմությունից վերցված օրինակների միջոցով մասնակիցները կքննարկեն մշակութային ենթակառուցվածքների փոփոխությունները, ԽՍՀՄ փլուզումից հետո ինստիտուտների ճգնաժամը, ինչպես նաև մշակութային կազմակերպման և հանրային կրթության նոր ձևերի առաջացումը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ժամանակակից նախաձեռնություններին, կրթական նախագծերին և անկախ հարթակներին, որոնք ձևավորում են նոր մշակութային միջավայր։
Կքննարկվեն առանցքային հարցեր․ ի՞նչ ենք իրականում առաջ մղում, երբ խոսում ենք մշակույթի մասին, և ի՞նչ ինստիտուտների ու գործիքների միջոցով է դա հնարավոր այսօր։

Օր 2. Տեխնոլոգիաներ և ավանդույթներ. ինչպե՞ս գտնել ընդհանուր լեզու լսարանի հետ
Ժամանակակից մշակույթն անբաժանելի է տեխնոլոգիաներից, նույնիսկ եթե մենք դրանց նկատմամբ երկիմաստ վերաբերմունք ունենք։ Սակայն նոր տեխնոլոգիաները միշտ չէ, որ ծառայում են առաջընթացին. հաճախ դրանք դառնում են ավանդույթների պահպանման և պահպանողական արժեքների ամրապնդման գործիք։ Արդյո՞ք պետք է վախենալ դրանից, թե ընդունել որպես ժամանակակից իրականություն։

Սեմինարի երկրորդ օրը մասնակիցները կքննարկեն տեխնոլոգիաների և ավանդույթների փոխհարաբերությունը, ինչպես նաև մշակութային շարունակականության դերը մեր օրերում։ Կինոյի, մուլտիմեդիա նախագծերի և այլ մշակութային օրինակների միջոցով կվերլուծվի, թե ինչպես է անցյալը շարունակում ազդել ներկայի վրա և ինչ լեզվով կարող է մշակույթն այսօր հաղորդակցվել իր լսարանի հետ։

Օրվա եզրափակիչ քննարկումը կկենտրոնանա սեմինարի գլխավոր հարցերից մեկի շուրջ․ ինչպե՞ս ձևավորել լսարանի հետ հաղորդակցության ընդհանուր լեզու՝ միաժամանակ պահպանելով ավանդույթի հետ կապը և բաց մնալով նոր մշակութային գործընթացների նկատմամբ։

Ալեքսանդր Արխանգելսկի

Ալեքսանդր Արխանգելսկին ռուս գրող, վավերագրական ֆիլմերի հեղինակ և հեռուստահաղորդավար է։ Ծնվել է 1962 թվականին Մոսկվայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությանը։

Տարբեր տարիներին աշխատել է որպես ռադիոլրագրող, ինչպես նաև համագործակցել հեղինակավոր գրական ամսագրերի և հասարակական-քաղաքական թերթերի հետ։ Եղել է Ժնևի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, Մոսկվայի կոնսերվատորիայի Հումանիտար գիտելիքների կենտրոնի պրոֆեսոր, այնուհետև՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (մինչև 2023 թվականը) և Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների բարձրագույն դպրոցի՝ «Շանինկա»-ի (մինչև 2024 թվականը) պրոֆեսոր։ 2024 թվականից Թել Ավիվի համալսարանի ավագ գիտաշխատող է։

2002–2020 թվականներին «Կուլտուրա» հեռուստաալիքով վարել է շաբաթական «Այդ ընթացքում» (Тем временем) ինտելեկտուալ թոք-շոուն, որը նվիրված էր մշակութային և հասարակական կյանքի առանցքային խնդիրներին։ Ստեղծել է «Հիշողության գործարաններ. աշխարհի գրադարանները» (Фабрики памяти: Библиотеки мира, 2004–2010) վավերագրական հաղորդաշարը։ Հեղինակ է բազմասերիանոց «Բաժին» (Отдел, 2010) և «Շոգ» (Жара, 2011) վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև ռուս գրողների՝ Վիսարիոն Բելինսկու, Ալեքսանդր Հերցենի և այլոց մասին կենսագրական ֆիլմերի։
2022 թվականին նկարահանված «Սով» (Голод) վավերագրական ֆիլմը (համահեղինակներ՝ Մաքսիմ Կուրնիկով և Տատյանա Սորոկինա) արժանացել է «Ռեդկոլեգիա» մրցանակին, հանդիսատեսի մրցանակին և ArtdocСеть վավերագրական կինոփառատոնի պատվոգրին (2023)։ 2024 թվականի աշնանը ավարտել է «Հայրենիք» (Родина) վավերագրական ֆիլմի աշխատանքները (համահեղինակ՝ Տատյանա Սորոկինա)։

Արխանգելսկին բազմաթիվ արձակ գրքերի հեղինակ է, որոնք արժանացել են հեղինակավոր գրական մրցանակների, այդ թվում՝ «Գլոբուս» (2007), «Տարվա գիրք» (2013), ռուս-իտալական «Մոսկվա–Պեննե» գրական մրցանակին (2013), «Մեծ գիրք» (2018) և այլ մրցանակների։

Երկար տարիներ ղեկավարել է «Լուսավորիչ» (Просветитель) գիտահանրամատչելի գրական մրցանակի կազմկոմիտեն, իսկ ներկայումս հանդիսանում է մրցանակի ժյուրիի նախագահը։

2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ընդգրկվել է «օտարերկրյա գործակալի» (иноагент) կարգավիճակ ունեցող անձանց պաշտոնական ցուցակում։

Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ /Ավետ Ավետիսյան 47
Օր՝ հուլիսի 25, 26
Ժամ՝ ամեն օր, ժամը 12:00 -16:30 (կես ժամ ընդմիջումով)

Աշխատարանի լեզուն՝ ռուսերեն

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հուլիսի 21-ը հետևյալ հղումով՝

https://tinyurl.com/2z8krzyw

Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ։

Այլ միջոցառումներ

Մշակույթի ենթակառուցվածքներ՝ հաստատություններ, տեխնոլոգիաներ, ավանդույթներ