Օգոստոսի 29-ին ժամը 17։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Վերասերում. դիտանկյուններ առաջնագծից» ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսի մասին
Ի՞նչ է նշանակում վերածնվել կործանումից հետո։ Կարո՞ղ է վերափոխումը շարունակականություն ստեղծել, թե՞ յուրաքանչյուր նոր սկիզբ անխուսափելիորեն ենթադրում է նախկինի կորուստ։
«Վերասերում. դիտանկյուններ առաջնագծից» ցուցահանդեսը համախմբում է յոթ նորամուտ հայ արվեստագետների, որոնց ստեղծագործական պրակտիկաները անդրադառնում են Հայաստանում այսօր տեղի ունեցող խորքային վերափոխումներին։ Անդրադառնալով էկոլոգիական փլուզմանը, քաղաքային էրոզիային, սոցիալական փոփոխություններին և կարծրացած մշակութային նորմերին՝ հատուկ այս ցուցահանդեսի համար ստեղծված նրանց աշխատանքները դիտարկում են «վերասերման» գաղափարը ոչ միայն որպես վերակառուցման գործընթաց, այլև որպես բարդ վիճակ, որտեղ հիշողությունը, կորուստը, վերաիմաստավորումը և հնարավորությունը մնում են փոխկապակցված։
Վերջնական պատասխաններ առաջարկելու փոխարեն՝ արվեստագետներն այս հարցերին մոտենում են զգուշավոր դիտարկման, ինքնամփոփ վերլուծության և երկիմաստության միջոցով։ Նրանց աշխատանքները ժամանակակից արվեստը ներկայացնում են որպես տարածք, որտեղ ներկայի հակասությունները կարող են մնալ բաց, իսկ վերափոխումը՝ վերածվել ցիկլային հարաբերությունների զարգացող «պալիմպսեստի»։
Մասնակից արվեստագետներ՝ Զիկ Գրիշկյան, Թեհմինե Հարությունյան, Լաուրա Խաչատրյան, Հրանտ Խեքոյան, Գևորգ Փալանջյան, Քրիստինե Սարգսյան, Մարիամ Շահինյան։
Համադրող՝ Վիգեն Գալստյան, Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսների բաժնի ղեկավար։
Ծրագրի մասին
Ցուցահանդեսը ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է և ուղղված է երիտասարդ արվեստագետների կարողությունները ամրապնդելուն։ Եռամսյա դասընթացի ընթացքում երիտասարդ արվեստագետներ Երևանից և մարզերից մասնակցեցին Հայաստանի և արտերկրից կայացած մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց պորտֆոլիոները, աշխատել արվեստագետի ասույթի (artist statement) վրա, սովորել արվեստի մարքեթինգի հիմունքները և ստեղծել բազմաթիվ մասնագիտական կապեր:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ArtNexus–ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։