Սեպտեմբերի 11-ին ժամը 19։00-ին ԺԱԻ ցուցասրահում տեղի կունենա «Ասա՝ ասեմ․ Վահան Թոփչյանը և գծանկարը» ցուցահանդեսի փակումը և արվեստագետի կատալոգի շնորհադեսը։
Ցուցահանդեսի համադրող Նազարեթ Կարոյանը կատալոգի իր նախաբանում գրում է․
«Թոփչյանը իր գծանկարներում, գծի «ֆիզիկական-կառուցվածքային» հատկությունների միջոցով ձգտում է արթնացնել և գործի դնել դրա արտահայտչական հատկությունները՝ ճշգրտությունը, պլաստիկականությունը և կենդանությունը։ Դրսևորվելով իմաստային, գեղագիտական և հոգեբանական տարբեր հարթություններում՝ սրանք արվեստագետին հնարավորություն են տալիս, որ նա ոչ միայն ձևակերպի իր ասելիքը, այլև գտնի ձայնի այն բարձրությունը և հնչերանգը, որը համարժեք է այդ ասելիքին։ Միաժամանակ այդ նույն հատկությունների գործադրումը կարևոր է ոչ միայն «անձնական նպատակներով»։ Դրանով արվեստագետը ասես երկխոսության մեջ է մտնում Գյումրու հանրային երկու՝ ֆիզիկական և խոսքի տարածքներում հնչող ձայների հետ՝ իր ասելիքը փոխանցելով իր «ներքին ձայնի» այն բարձրությամբ և երանգով, որի չափը և գույնը ինքն է սահմանում»։
Կատալոգը ստեղծվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից կողմից՝ Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համագործակցությամբ։