Դեկտեմբերի 5-ին, 19:00-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում է «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից»
կամ
«Պաշտոնական արվեստը մեռել է»
ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած նշանավոր պերֆորմանսին:
Իսկ դեկտմեբրի 7-ին, 15։00-ին համեցեք ԺԱԻ` մասնակցելու պատմական պերֆորմանսի մասնակիցների հետ հանդիպմանը:
1988 թվականի հոկտեմբերի 23-ին Նկարիչների միության «Աշնանային ցուցահանդես»-ի բացումը ընդհատվեց անձայն թափորի անակնկալ հայտնությամբ. երիտասարդ արվեստագետների մի խումբ՝ կենդանի մեռյալների հանդերձանքով, անցնելով ցուցահանդեսի մի սրահից մյուսը, դուրս էր գալիս առանց խոսքի։ Արարքը արտահայտում էր մի պարզ միտք. քանի որ նկարիչների միության արտոնած պաշտոնական արվեստը պատկանում էր անցյալին և, հետևաբար, «մեռած» էր, նրա իսկական հանդիսատեսները կարող էին լինել միայն զոմբիները։ Այս միջամտությունը այդ օրից ի վեր դարձավ հայկական պերֆորմանսի պատմության կարևոր ուղենիշներից մեկը։
Նույն արվեստագետները նախորդ տարի կիսապաշտոնական դեբյուտ էին ունեցել, այն բանից հետո, երբ ցուցահանդեսի համար դժվարին բանակցությունների արդյունքում նրանց տրամադրվել էր միության ժողովների դահլիճը երրորդ հարկում, մի տեղ, որից էլ հետագայում մկրտվել էր շարժման անունը` «3-րդ հարկ»։ 1988 թվականի ոչ պաշտոնական պերֆորմանսի համար, որը նախաձեռնել էին Արման Գրիգորյանը և Քիքին (Գրիգոր Միքայելյանը), յուրաքանչյուր արվեստագետ առաջարկեց կենդանի մեռյալի իր անձնական պատկերացումը․ դալկադեմ վամպիր (Կարինե Մացակյան), մեռած զինվոր (Քիքի), մութ, ստվերային կերպար (Սև), Աշոտ Աշոտը, ավելի կոնցեպտուալ ոճի մեջ՝ բաճկոնով, որի վրա գրված էր «nature morte» («մեռած բնություն»), և Արման Գրիգորյանը՝ վզից կախված տախտակով՝ «Անդրշիրիմյան աշխարհ» գրությամբ։ Մյուս մասնակիցները հանդես էին եկել ռոք խմբերից ոգեշնչված դիմահարդարմամբ ։
Ցուցահանդեսում ներկայացված նյութերը ցույց են տալիս պերֆորմանսի ընթացքը, երբ արվեստագետների խումբը շրջում է ցուցահանդեսի բացմանը եկած մարդկանց բազմության միջով, ինչպես նաև պերֆորմանսի ավարտից հետո արվեստագետների խրախճանքը և լուսանկարչական խցիկի դիմաց իրենց ընտրած դերերի խաղարկումը նկարիչների միության Երիտասարդական սեկցիայի գրասենյակում, որտեղ նրանք զգեստավորվել էին պերֆորմանսի համար։ Այդ արվեստագետների համար պերֆորմանսը բողոքի ցնցում առաջացնող լեզու էր՝ շարժուն, մատչելի, սադրիչ և հրապարակային։ Պերֆորմանսը պաշտոնական մշակույթը ձևակերպում էր որպես մի դամբարան, իսկ դիտելու արարմունքը՝ սգո ծես։
«Անդրշիրիմյան աշխարհ» փոխաբերությունը աշխատում էր երկու ուղղությամբ՝ որպես սպառված պաշտոնական ոճերի գերեզմանոց և, հետահայացորեն, որպես խմբի սեփական ընդհատակյա դիրքի արտացոլում՝ քանի որ արվեստագետները կա՛մ բացառված էին, կա՛մ էլ արտամղված դեպի արտոնված մշակույթի լուսանցքները։ Մի քանի ամիս անց կազմակերպվեց «3-րդ հարկ» շարժման առաջին խոշոր ցուցահանդեսը («666» խորագրով) Նկարիչների միության ցուցասրահներում՝ ընդգծելով 1988 թվականի պերֆորմանսը որպես ավելի խորը հարացուցային անցման նախանշան։
Պերֆորմանսում ներգրավված էին մոտ քսան մասնակից, որոնց թվում Աշոտ Աշոտը, Արման Գրիգորյանը, Քիքին (Գրիգոր Միքայելյան), Կարինե Մացակյանը, Կարո Մկրտչյանը, Ստեփան Փանոսյանը, Վահան Ռումելյանը, Սևը (Հենրիկ Խաչատրյան), Կամո Գրիգորյանը, Բորիս Ղազարյանը, Հայկուհի Ղազարյանը, Վարդան Հարությունյանը, Վարդան Վարդանյանը։
Հայկական ժամանակակից արվեստի ամենանշանային պերֆորմանսի այս պատմությունը ցուցահանդեսում ներկայացվում է նորահայտ նյութերի միջոցով, ինչպիսիք են Արամ Ուրուտյանի 8 մմ արխիվային կինոժապավենը թվայնացված տարբերակով, Արման Գրիգորյանի արխիվում հայտնաբերված գունավոր սահիկները, Զավեն Խաչիկյանի նշանավոր լուսանկարները, որոշ էֆեմեր՝ հրատարակչական նյութեր, ինչպես նաև Շողակաթ Ղազարյանի նոր վավերագրական ֆիլմը՝ պերֆորմանսի մասնակիցների հարցազրույցներով։
Ցուցահանդեսի կուրատորներն են Շողակաթ Ղազարյանը և Ռուբեն Արևշատյանը ։
Ցուցահանդեսի համադրողները և Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը հատուկ շնորհակալություն են հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, Արամ Ուրուտյանին, Զավեն Խաչիկյանին, Արմեն Գևորգյանին, Կարեն Առաքելյանին և բոլոր մասնակից արվեստագետներին այս ցուցահանդեսի նախապատրաստմանն աջակցության համար։