«Վախենալու պահ է, երբ մոտենում եմ դատարկ, սպիտակ կտավին. հարթ մակերևույթ, որի դեմ դիմաց կանգնած ես միայնակ… Իհարկե մոտավորապես գիտեմ, թե ինչ եմ նկարելու, բայց զգում եմ, որ կտավն իր մեջ ինչ-որ բան է թաքցնում: Այդ վախը, ի դեպ, տարիքի հետ ուժգնանում է, որովհետև իմաստնանում ենք, ավելի ենք համոզվում, որ գիտենք միայն այն, որ ոչինչ չգիտենք: Հենց այդ պատճառով մի նկարը կարող է մոտ քսան անգամ փոփոխվել…
…Գույնն իմ լեզուն է, որը փոխվում է ֆորմաների հաշվին: Եթե գույնը ներդաշնակ չէ ֆորմաների հետ, ուրեմն այն օդի մեջ կմնա, չի շնչի, չի կենդանանա ու ապրի: Չէ որ ես անդադար զրուցում եմ գույների ու ֆորմաների հետ, դրանք պետք է ներդաշնակ լինեն միմյանց, որպեսզի պատասխանեն ինձ:… Յուրաքանչյուր ֆորմա իր գույնն ունի, կարմիր, կապույտ. գույները վիճում են միմյանց հետ ու պայքարում, կտավի վրա տեղ ունենալու համար…. Ֆորման կարծես ծիրան լինի, պետք է հասունանա, որ համապատասխան գույն ստանա…»
Ավետիք Ալավերդյան
Խմբագիր՝ Գոհար Խաչատրյան
Հրատարակիչ՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ
2015
