Մարտի 13-ին ժամը 19։00-ին Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարանում կբացվի «Ես նայում եմ աշխարհին» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 12-ը։
Հասցեն՝ Մաշտոցի պող., 45ա շենք (6-րդ մուտքի մոտ)
Մուտքն ազատ է։
***
Ցուցադրության մասին
Ինչպե՞ս ենք մենք ընկալում աշխարհը, ի՞նչ ենք մենք տեսնում, ի՞նչն ենք մենք նկատում, և ինչը չենք նկատում, ինչի՞ն ենք նայում։
«Ես նայում եմ աշխարհին» ցուցադրությունը արձագանքում է ֆենոմենոլոգիական փիլիսոփայության այն գաղափարին, որ իրականությունը գոյություն չունի զուտ ինքն իրենով, և մենք այն կարող ենք ըմբռնել միայն անձնական ընկալման և փորձառության միջոցով։ Որքան էլ գոյություն ունի իրական աշխարհը որպես օբյեկտիվ փաստ, ըստ ֆրանսիացի փիլիսոփա Մորիս Մերլո-Պոնտիի, մենք հարաբերվում ենք դրա հետ ու հասկանում ենք այն միայն մեր անձնական մարմնական ազդակների, շարժման, հիշողության և կենսական փորձառության միջոցով։
Փաստացի, մարմինը այն կետն է, որտեղից բացվում է օբյեկտիվ տարածությունը՝ սահմանելով այն «հորիզոնը» կամ «ֆոնը», որի շնորհիվ ընդհանրապես հնարավոր է իրականության որևէ գիտակցում։ Բացի այդ, նայելը աշխարհի հետ հարաբերվելու ձև է․ այսինքն, երբ մենք նայում ենք աշխարհին, մենք դառնում ենք այդ աշխարհի մի մասը։
Արվեստագետների այս խումբը ընտրվել է 2025-2026 թվականներին Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի մասնակիցներից։ Այսքան տարբեր հեղինակերի ստեղծագործություններում կան թե՛ զուգահեռ գծեր և թե՛ բացարձակ միմյանց հետ չխաչվող թեմաներ։ Այդուհանդերձ, աշխարհին նայելու իրենց մոտեցման մեջ կարելի է հետևել անձնականից մինչև վերացական հետագծի, որը նրանցից յուրաքանչյուրի պարագայում ստանում է որոշակի ուղղություն՝ թե՛ կոնցեպտուալ, թե՛ արվեստային առումով։
Հայտնի բրիտանացի արվեստաբան Ջոն Բերջերը պնդում էր, որ մենք միայն տեսնում ենք այն, ինչին նայում ենք․ այսինքն՝ նայելը ընտրություն է։ Ցուցադրությունը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչին են ընտրել նայել այս նկարիչները։
Արվեստագետներ՝ Լիլիթ Արզումանյան, Գառնիկ Գևորգյան, Հրանտ Խեքոյան, Մարիամ Հակոբյան, Միքայել Հայրապետյան, Թեհմինե Հարությունյան, Հասմիկ Սահակյան
Համադրող՝ Արմեն Եսայանց
***
Ծրագրի մասին
Ցուցահանդեսը ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է և ուղղված է երիտասարդ արվեստագետների կարողությունները ամրապնդելուն։ Եռամսյա դասընթացի ընթացքում երիտասարդ արվեստագետներ Երևանից և մարզերից մասնակցեցին Հայաստանի և արտերկրից կայացած մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց պորտֆոլիոները, աշխատել արվեստագետի ասույթի (artist statement) վրա, սովորել արվեստի մարքեթինգի հիմունքները և ստեղծել բազմաթիվ մասնագիտական կապեր:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
ArtNexus–ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։