Ընդունելություն

Կրթական և հետազոտական աշխատանքները կազմակերպվում են չորս արվեստանոցում, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է ուսումնասիրության որոշակի ոլորտ. ա) հետազոտական հենքով արվեստի պրակտիկաներ, բ) կատարողական պրակտիկաներ, որոնք հատուկ են արվեստի գործերի հավաքչությանը, պահպանությանը, ցուցադրությանն ու մեկնաբանությանը, գ) պատկերի մշակութային և տեսողական ուսումնասիրություններ, դ) արվեստի սոցիալական համատեքստի ուսումնասիրություններ։ Առաջին փուլում, որը տևում է մեկ ուսումնական տարի, արվեստանոցի ղեկավարը ուսանողների համար կազմակերպում է սեմինարներ՝ քննարկելով իր կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացիկ վիճակը, ինչպես նաև օժանդակում է ուսանողների հետազոտական թեմաների ընտրությանը։ Ուսանողները հնարավորություն են ունենում հաճախելու կամընտրական դասընթացների (Ժամանակակից փիլիսոփայություն ու Հետազոտության մեթոդաբանություն և այլն)։ Ծրագրի երկրորդ՝ երկամյա փուլ են անցնում այն ուսանողները, որոնք առաջին տարում հասցնում են շրջագծել հետազոտական թեմա։ Եթե այդ թեման համապատասխանում է արվեստանոցի ուսումնասիրական շրջանակին, նրանք հետազոտությունը շարունակում են նույն արվեստանոցում, հակառակ պարագայում կարող են փոխել արվեստանոցը։ Ուսանողները իրենց հետազոտության ընթացքի մասին զեկուցում են սեմինարների միջոցով, որ կազմակերպում են ղեկավարի օգնությամբ։ Իսկ ավարտական աշխատանքը հրապարակվում է բնույթին համապատասխան տեսքով (գիրք, ցուցահանդես, ֆիլմ և այլն)։ Հետազոտական աշխատանքին զուգընթաց ուսանողները ներգրավվում են ինստիտուտի տարբեր օղակների գործունեությանը՝ նախագծային ու հետազոտական լաբորատորիաներում ընթացող աշխատանքներին, գրադարանում, ցուցասրահում և մյուս բաժիններում կազմակերպվող միջոցառումներին։ Ուսմունական ծրագրի առաջին փուլը վճարովի է։ Մեկ տարի տևող ծրագրի վարձը 200 000 ՀՀ դրամ։ Երկրորդ փուլում դպրոցի ուսանողների համար Ինստիտուտը նախատեսում է կրթաթոշակ: Դիմորդի համար ցանկալի է ունենալ մագիստրոսի կոչում և տիրապետել անգլերեն լեզվին։ CV-ի մեջ հարկավոր է տեղադրել մինչ այդ կատարած աշխատանքների հղումները։ Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը։
Միացիր դպրոցին