«Թելադրություն»։ Ցուցահանդեսի բացում
2024
Նոյեմբերի 1-ին, ժամը 19։00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ Միլա Հարությունյանի և Մարգարիտա Աստվածատրյանի «Թելադրություն» = «թել» + «դրություն» ցուցահանդեսի բացումը (համադրող՝ Տոմա Այդինյան)։
Այս ցուցահանդեսը ԺԱԻ և ArtNexus-ի հուլիսին հայտարարած «Փոխկապակցում» մրցույթի մասն է։ Մրցույթի նպատակն էր Հայաստանի թանգարանների, համադրողների և արվեստագետների միջև կապերի ստեղծումը՝ համատեղ նախագծերի իրականացման միջոցով։ «É collective»-ը մրցույթի հաղթողներից մեկն է, և իրականացնում է «Թելադրություն» ցուցահանդեսը՝ Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ։
Ցուցահանդեսի մասին
Արդյո՞ք մենք ենք ընտրում թե ինչպես շարժվել, թե՞ մեզ թելադրում են։ Ի՞նչ անել։ Գործե՞լ։ Ինչպե՞ս գործել այս դրության մեջ։ Հենց ե՞ս։ Ո՞վ եմ ես։ Գործը արտացոլում է հեղինակների ապրումներն այս հարցերի շուրջ։ Ձայնային ինստալյացիան հյուսում է գորգ լաբիրինթոսի տեսքով: Մեր գորգը կիսա՞տ է, թե՞ քանդված, ինքներդ որոշեք, բայց այն ունի գործվելու և ամբողջական դառնալու կարիք։ Այցելուները հրավիրված են «ազատ» ընտրելու՝ թելադրվել և թելադրելու միջեւ՝ ունենալով դիպչելու, ստեղծելու, լսելու և գործելու հնարավորություն, որտեղ ամեն առաջին հայացքից փոքր և անտեսելի քայլ կամ հպում կարող է հանգեցնել փոփոխության՝
Արվեստագետների մասին
«É collective»-ը հիմնադրել են Միլա Հարությունյանը և Մարգարիտա Աստվածատրյանը՝ երկու նորարար ստեղծագործական մտածողությամբ "Է"ակներ, որոնք նպատակ ունեն փոխել այն սահմանները, որոնք ավանդաբար ընկալվում են որպես արվեստ։ Մի քանի ինտերակտիվ ներկայացումներից հետո, որտեղ միաձուլելով ձայնային և տարածական/տեսողական լուծումներ, նրանք այժմ իրենց գործունեությունը ընդլայնում են՝ ստեղծելով կոլեկտիվ։ Հստակ առաքելությամբ առաջնորդվելով՝ «É collective»-ը միավորում է համարձակ և տաղանդավոր արվեստագետների և այլ ոլորտներից ընկերների, ստեղծելով հարթակ, որտեղ կարելի է փորձարկել ու համագործակցել կամայական մտքի շուրջ։ Նրանց աշխատանքը նպատակ ունի կոտրել առկա սահմանափակումները արվեստում և ուսումնասիրել նոր համակարգեր և կենսակերպեր:
Համադրողի մասին
Տոմա Այդինյանը պրոֆեսիոնալ պարուհի և պարագիր է, ավելի քան 20 տարվա փորձով՝ ժամանակակից, փորձարարական, մոդեռն և իմպրովիզացիոն ոճերում։ Նա ուսանել է ավելի քան 15 միջազգային պարուսույցների մոտ՝ հարստացնելով իր փորձառությունը մասնագիտական ոլորտում։ Կարիերայի ընթացքում նրան հրավիրել են որպես պարուհի, պարագիր և ուսուցիչ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան և Քուվեյթ։ 2019 թվականին նա եղել է Compania Giardino Chiuso և Teatro Cantiere Florida թատրոնների հրավիրյալ գլխավոր պարուհի, ինչպես նաև պարուհի-պարագիր՝ ImpArt պարային ընկերությունում, Գերմանիայում։ Նրա «Isolation» պարային ֆիլմը 2020 թվականին արժանացել է առաջին մրցանակին Creative Armenia-ի «Selfquarexperiment» մրցույթում։ 2023-2024 թվականներին նա եղել է Käfig պարային ընկերության հրավիրյալ գլխավոր պարուհի Ֆրանսիայում և ներկայումս շարունակում է իր ակտիվ համագործակցությունը երաժշտական տեսահոլովակների, նորաձևության նախագծերի, համերգների և փառատոնների շրջանակներում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը։
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։