Հարցազրույց Հրաչ Բայադյանի հետ «Կարդում ենք Մաթևոսյան» դասընթացի մասին

«Կարդում ենք Մաթևոսյան» խորագրով դասընթացը կանցկացվի Ժամանակակից արվեստի ինստիտուտում ապրիլի 19-ից մայիսի 17-ը: Տասը հանդիպման ընթացքում (5 դասախոսություն, որոնցից յուրաքանչյուրին կհետևի սեմինար-գործնական աշխատանք) կքննարկվեն Հրանտ Մաթևոսյանի գրականությանն առնչվող մի շարք հարցեր: Դրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որ դուրս են մնում ավանդական գրականագիտության հետաքրքրության շրջանակից, անտեսվում են կամ չեն նկատվում: Այս առումով՝ դասընթացը նաև փորձ է՝ ուշադրություն հրավիրելու գեղարվեստական տեքստի նկատմամբ ուրիշ հնարավոր մոտեցումների վրա:

Այս կապակցությամբ զրուցել ենք դասընթացի հեղինակ, մշակութային քննադատ Հրաչ Բայադյանի հետ:

 

Ի՞նչն է Ձեզ մղել այս դասընթացը պատրաստելու:

Հրաչ Բայադյան – Մոտ 30 տարի առաջ, 1994-ին, երբ գրում էի հոդված արևմտյան տեխնոլոգիայի և տեղական մշակույթի փոխհարաբերության մասին, Մաթևոսյանի գրականությունը և առաջին հերթին՝ «Գոմեշը» ինձ համար դարձավ կարևոր հենարան այդ հարցի պարզաբանման համար: Այդ ժամանակից ի վեր գրել եմ բազմաթիվ հոդվածներ, որոնցում քննարկել եմ Մաթևոսյանի տեքստերը, բանախոսությունների ու սեմինարների ժամանակ շատ անգամ անդրադարձել եմ նրա գրություններին, բայց ամբողջովին Մաթևոսյանին նվիրված զեկույց, որքան հիշում եմ, կարդացել եմ միայն մեկ անգամ՝ 2005 թվականին առաջին Մաթևոսյանական ընթերցումների ժամանակ, որ տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (այդ զեկույցի վերնագիրը՝ «Գաղափարաբանությունը կինոյում և կինոյի գաղափարաբանությունը ըստ «Խումհար» վիպակի» ձևակերպում է սույն դասընթացի թեմաներից մեկը): ԵՊՀ-ում դասախոսական աշխատանքի համար նույնպես իմ կատարած ուսումնասիությունը պետք չի եկել: Հիշում եմ միայն մի դեպք, երբ «Մեդիայի ուսումնասիրություններ» խմբի հետ բավական երկար ժամանակ քննարկում էինք Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմը (և եռագրության մյուս ֆիլմերը) և այդ ֆիլմի նկարագրությունը «Խումհար»-ում: Արդյունքում գրեցի բավական ընդարձակ մի տեքստ, որը հրապարակված չէ, գուցե նույնիսկ անավարտ է՝ լավ չեմ հիշում, բայց, հույս ունեմ, կօգտագործվի այս դասընթացի ժամանակ:

Արդեն մի քանի տարի է, որ մտածում էի իմ կատարած աշխատանքի հիման վրա դասախոսությունների շարք կարդալու գաղափարի շուրջ, և ահա, կարծես թե այն իրականություն է դառնում:

Մեկ ուրիշ նկատառում էլ կա: Բացի այն, որ դասընթացի թեմաների զգալի մասը հասկանալի պատճառներով անտեսված է գրականագիտության կողմից և արժե դրանք քննարկել շահագրգիռ լսարանի հետ, ինձ համար կարևոր է նաև ներկայացնել իմ որդեգրած հետազոտական մոտեցումներն ու մեթոդները, որոնք նույնպես, այսպես ասենք, ընդունված-տարածված չեն Հայաստանում:

Յուրաքանչյուր դասախոսության հետևելու է սեմինար: Ի՞նչ է լինելու սեմինարների բովանդակությունը:

Հ. Բ. – Մտածեցի, որ ավելի լավ կլինի, եթե մասնակիցները ոչ թե պարզապես լսեն դասախոսություն, այլ նաև ավելի ակտիվ ձևով ներգրավվեն ընթերցանության աշխատանքի մեջ: Նախ՝ ասեմ, որ հինգ դասախոսությունը քիչ է. ընդգրկված թեմաները շատ են և բավական խիտ շարադրանք են ենթադրում, հաճախ մանրամասնություների մեջ մտնելու հնարավորություն չի լինելու: Ուստի սեմինարները թույլ կտան նորից անդրադառնալ բավարար չափով չպարզաբանված հարցերին: Մյուս կողմից՝ ունկնդիրները հնարավորություն կունենան ազատորեն հարցեր տալու, մեկնաբանություններ անելու, բանավիճելու: Եւ վերջապես, ցանկացողները կգրեն փոքր էսսեներ դասախոսության մեջ դիտարկված թեմաներով, և այդ էսսեները կարող են նաև քննարկվել սեմինարի ժամանակ (դասախոսության ու սեմինարի միջև կլինի մի քանի օրվա ընդմիջում): Կարծում եմ, որ այսպիսի աշխատանքն ավելի հետաքրքիր և արդյունավետ կդարձնի դասընթացը:

 

Երրորդ դասախոության թեման է «Պատկեր և գրություն, կինոյի հարցը»: Կարո՞ղ եք մի քիչ պատմել այս թեմայի մասին:

Հ. Բ. – Առաջին հարցին պատասխանելիս ես արդեն մի քիչ խոսեցի «կինոյի հարցի» մասին, որը տարբեր ձևերով կարևոր է եղել Մաթևոսյանի՝ որպես մտավորականի, և նրա գրականության համար: Իհարկե, կինոն պայմանականորեն այդպես անվանված հարցի կողմերից միայն մեկն է: Հիշենք, որ Մաթևոսյանը մասնակցել է Բարձրագույն սցենարական դասընթացներին (Մոսկվա), հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալու արևմտյան այն կինոյին, որը խորհրդային տարիներին սովորական հանդիսատեսի համար գրեթե արգելված կամ դժվարամատչելի էր, դիտելու Անտոնիոնիի, Բերգմանի, Ֆելինիի և ուրիշների ֆիլմերը: Նա կինոյին անդրադարձել է հոդվածներում ու հարցազրույցներում, ինչպես նաև «Խումհար»-ում, գրել է մի շարք սցենարներ, որոնցով ֆիլմեր են նկարահանվել:

Այս սցենարները գրվել են ինչպես սեփական, այնպես էլ ուրիշ հեղինակների (Իսահակյան, Բակունց) գրական գործերի հիման վրա և պետք է որ հետազոտողի համար շատ գրավիչ լինեին: Բայց գտնվելով երկու բնագավառի՝ գրականագիտության ու կինոքննադատության հետաքրքրությունների սահմանի վրա, պատշաճ ուշադրության չեն արժանացել, թեև կարող են ուրիշ պատճառներ էլ լինել: Մինչդեռ դրանք հրաշալի նյութ են՝ հասկանալու, թե ինչ ձևերով է՝ գրական տեքստից սցենարին անցնելիս ավելանում տեսողական տարրը, ինչպես է այն փոխում շարադրանքը ու պատումի կառուցվածքը, ինչպես են փոխվում երկխոսությունները և այլն: Ըստ երևույթին, այս փոխակերպումներն ինչ-որ կարևոր բաներ են ասում կինոյի մասին Մաթևոսյանի պատկերացումների մասին, որ կարող է ի հայտ բերել դրանց ուշադիր ընթերցումը:

«Խումհար»-ի մեջ «Գիշերը» ֆիլմի վերաշարադրման մեջ բառացիորեն ասվում է հետևյալը. « … վեպն ու պատմվածքն անցած ժամանակների ծնունդ էին և նույն անցած ժամանակների համար, և գիրքը հիմա վերապրուկ է … կամ ապրելու համար պիտի կերպափոխվի»: Այսինքն, Մաթևոսյանի՝ կինոյով տարվածությունն ամենայն հավանականությամբ թելադրված էր ոչ միայն լավ կինո ստեղծելու ցանկությամբ, այլև գիտակցությամբ, որ լավ կինոն՝ արտահայտության իր բոլոր հնարավորություններով, կարող է լինել գրության կերպափոխման, նորացման կարևոր ազդակ:

Խորհրդային շրջանի մի հարցազրույցում Մաթևոսյանը նկատում է. «Դա (կինոն) մեր ազգային ամբողջականության ամենահզոր զենքն էր լինելու մեր ձեռքին …»: Լավ հայտնի է, որ Խորհրդային միության ստեղծման առաջին իսկ օրերից կինոն համարվել և գործի է դրվել (Լենին, Լունաչարսկի) որպես կոմունիստական պրոպագանդայի հզոր միջոց: 20-րդ դարը ցույց տվեց, որ կինոն կարող է նույն հաջողությամբ ծառայել նաև ազգաշինության նպատակներին: Բայց արդյո՞ք դա հնարավոր էր Խորհրդային Հայաստանում…

Ահա որոշ ակնարկներ այն մասին, թե ինչ ենք քննարկելու երրորդ դասախոսության և սեմինարի ժամանակ:

«Կարդում ենք Մաթևոսյան» դասընթացին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ ԺԱԻ-ի էջում և գրանցվել այստեղ։