Հարցազրույց՝ Նվարդ Դալյանի հետ

Նոյեմբերի 11-ից 28–ը, Ժամանակակից արվեստի ինստուտի ցուցասրահում ներկայացվեց ճարտարապետ Նվարդ Դալյանի և բանաստեղծ Սոնիա-Սանան Քիլէճեանի «Շղարշից Անդին» համատեղ նախագիծը։

Նվարդ Դալյանի լուսանկարչական պատկերները զուգակցվում են Սոնիա-Սանան Քիլէճեանի բանաստեղծություններով՝ ոգեշնչված Համշենի բնապատկերային տեսարաններից։ Արվեստագետը և բանաստեղծը, լուսապատկերի և պոետիկ տեքստի միջոցով, ուսումնասիրում են մշուշի առեղծվածային էությունը։

Ստորև ներկայացնում ենք Նվարդի հետ մեր զրույցը։

Ե՞րբ եք սկսել զբաղվել լուսանկարչությամբ:

Նվարդ Դալյան – Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, բայց լուսանկարչությունը ինձ միշտ գրավել է: Տասնվեց տարեկան էի, երբ մայրս ինձ նվիրեց իմ առաջին ֆոտո ապարատը: Ես սիրում էի Հայաստանով ման գալ և նկարել այն ամենը ինչ իմ մեջ առաջացրել է հոգեկան իրավիճակ: Հետագայում մասնագիտացել եմ ճարտարապետության մեջ, իսկ լուսանկարելու հանդեպ սերը ինձ շատ է օգնել զարգացնել այն բոլոր հատկությունները որոնք անհրաժեշտ են ճարտարապետին։ Ամեն ինչին փոքրիկ տեսախցիկի միջոցով նայելը զարգացնում է կոմպոզիցիա, մասշտաբ, լույս, մանրամասնություն և այլն: Կարծում եմ այս երկուսը իրար հետ շատ կապակցված են և բնականաբար ազդում են տեսնելու ունակություններդ զարգացնելու մեջ։

 

Ինչպե՞ս է ծնվել «Շղարշից Անդին» նախագիծը:

 

Ն. Դ. – 2021 ին ամուսնուս հետ ճանապարհորդել ենք Համշեն՝ տուր ընկերության հետ: Առաջին օրվա ծրագիրը կոչվում էր «Դրախտի դարպասներ», մեզ տարան բավական բարձր լեռան վրա՝ անտառի խորքում գտնվող մի լիճ: Երբ որ հասանք այնտեղ, մշուշը լրիվ ծածկել էր լճը: Իսկապես դրախտային իրավիճակ էր: Մշուշի շարժումով առաջացան տարբեր իրավիճակներ և լուսավորության փոփոխություն, այս շարժումը կրկնվում էր: Սպասեցի, որ մեր խմբի անդամները ավարտեն նկարելը, ու սկսեցի նկարել մշուշի շարժման փոփոխական ընթացքը: Բնությունը կարծես պատկերներ էր ստեղծում ինձ համար, և ես դրանք նկարում էի գիտակցելով որ «շղարշից անդին» կա մի իրականություն։ Դեժավյուի զգացողություն ունեցա, որովհետև նման զգացումներ անցյալում ունեցել էի Դիլիջանի անտառներում՝ Պարզ լճում:

 

Տասնվեց տարեկանից եք լուսանկարում, և այս տարի կազմակերպվել է Ձեր առաջին ցուցահանդեը: Այդքան տարիների լուսանկարներից ընտրել եք հենց այս լուսանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:

 

Ն. Դ. – Հաճախ երազներիս մեջ թռել եմ անսահմանի մեջ: Շատ իրական զգացմունք էր Ինձ համար, կարծես ուրիշ հարթության մեջ գտնվես, արդնանալով հասկանում էի որ այլ իրականության մեջ եմ,  ինձ համար շատ կարևոր էր արձանագրել այս վերացական իրավիճակը: Ինչ որ զգացի լճի մոտ ինձ տարավ իմ երազներին։ Անսահմանության մեջ վերանալու գաղափարը շատ գրավիչ էր: Բնությունը հատկություն ունի քեզ վերացնելու իրական աշխարհից, լինելով շատ իրական: Այն ուժ է տալիս վեհ բաների մասին մտածել, մոռանալով կյանքի մանրուքները: Օրինակ սարի գլխին գտնվելով, քեզ թվում է թե այն ինչ որ ներքևում է շատ մանր է և աննշան: Մշուշը նույն ազդեցությունը թողեց ինձ վրա: Այս մասին զրուցեցի ընկերուհուս՝ բանաստեղծուհի Սոնիա-Սանան Քիլէճեան հետ: Ինքն էլ ուներ մտորումներ մշուշի մասին: Դրվագը ոգևորիչ էր, միասին զրուցելով որոշեցինք, որ ինչ-որ բան պետք է անենք այս թեմայի շուրջ:

 

Որպես արվեստագետ տարբեր բաներ եք տեսնում կյանքում, դրանք լուսանկարում եք և փորձում եք փոխանցել մեզ: Ձեզ համար ո՞րն է սահմանը, երբ հասկանում եք, որ ինչ-որ բան նախըտրում եք Ձեզ պահել, իսկ ինչ-որ բան կարող եք հանրայնացնել:

 

Ն. Դ. – Սահմանը, երբ ես ինքս բավարարված չեմ արդյունքով: Եթե այն ազդեցություն չի ունենա դիտորդի հոգեկան իրավիճակի վրա, չեմ ցուցադրի, նույնիսկ եթե շատ լավ ստացված նկար է։ Պիտի վստահ լինեմ որ ասելիք ունեմ և ինչ որ ստեղծել եմ կարող եմ վստահել և կիսվել, այն ժամանակ կկիսվեմ: Այսօր լուսանկարում են բոլորը, ինձ համար կարևորը բովանդակություն և գեղանկարչական զգացողություն փոխանցելն է, ոչ թե կենտրոնանալ տեխնիկական հմտությունների վրա: Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ  կարողանան զգալ և կապ ստեղծել գործերիս հետ: Եթե ազդեցիկ է, ուրեմն ստացված նախագիծ է:

 

Հարցազրույցը վարեց՝

Լիլիթ Գրիգորյան