Հարցազրույց բազմաժանր արվեստագետ Ռիկարդո Մատլակասի հետ
«Գաղափարը փափկություն բերելն էր այնտեղ, որտեղ կոշտություն կա»․ հարցազրույց արվեստագետ Ռիկարդո Մատլակասի հետ
Հայաստան կատարած իր առաջին այցից հինգ տարի անց Ռիկկարդո Մատլակասը վերադարձել էր Երևան՝ «Պատկերելով ժամանակը» սթրիթ-արթ միջազգային փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպել էր «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը: Մեկ ամիս շարունակ նա հասարակական վայրերում ստեղծել է հակապատերազմական որմնանկարներ Հայաստանի և Ուկրաինայի հայրենակից արվեստագետների հետ և զարդարել ԺԱԻ այգին իր յուրահատուկ խեցեգործական աշխատանքներով։ Սա հիանալի հնարավորություն էր մեզ համար ավելին իմանալու նրա ստեղծագործական ճանապարհի մասին…
Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել արվեստով:
Ռիկկարդո Մատլակաս - Դեռևս փոքր տարիքից ես միշտ ստեղծարար երեխա եմ եղել, հատկապես շատ էի սիրում նկարել և պարել: Երիտասարդ տարիներին շատ էի նկարում, քանի որ նկարելիս ինձ լավ էի զգում։ Ավելի ուշ՝ պատանեկության տարիներին, մտա հիփ-հոփ ասպարեզ։ Հիփ-հոփը, ինչպես գիտեք, կազմված է տարբեր ուղղություններից, ինչպիսիք են գրաֆիտին, էմսիինգը և բրեյքդանսը: Դա ինձ հնարավորություն տվեց բացահայտելու արվեստի տարբեր ձեւեր։ Ես սկսեցի ռեփ կարդալ, իսկ ավելի ուշ իմ ռեփը դարձավ բանաստեղծություն: Իմ գրաֆիտիները վերածվեցին նկարների, իսկ պարը վերածվեց ժամանակակից պարի, իսկ հետո՝ կատարողական արվեստի: Փիլիսոփայական ներկայացումները, որ բեմադրում եմ այժմ, միջոց են այդ պարն իմ ներսում վառ պահելու։ Որպես պարող՝ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Բուտոն՝ ճապոնական պարի տեսակը, ինչպես նաև կոնտակտային իմպրովիզը, որով ես երկար տարիներ զբաղվել եմ:
Հիփ-հոփ աշխարհից Դուք անցել եք դասական արվեստի ոլորտ՝ սովորելով քանդակագործություն Նեապոլի Գեղարվեստի համալսարանում․․․
Ռ․Մ․– Ինչ-որ առումով քանդակը նաև ինձ տանում է դեպի պերֆորմանս, քանի որ ինձ համար արվեստի այս երկու ձևերը շատ նման են: Գեղարվեստի համալսարանը ավարտելուց հետո դադար վերցրի կրթական պրոցեսում, որի ընթացքում շարունակեցի զբաղվել արվեստով որպես նկարիչ: Եվ մի քանի տարի անց ես Օքսֆորդի Բրուքսի համալսարանում սոցիալական քանդակագործության մագիստրատուրայի բաժինը ավարտեցի: Ես շատ բան սովորեցի սոցիալական քանդակի փիլիսոփայական մոտեցումից և հատկապես իմ ուսուցիչ Շելլի Սաքսից, որը Հարավային Աֆրիկայից էր։
Այս մանկավարժական մոտեցումը նաև քաղաքական ուղղություն հաղորդեց Ձեր արվեստին…
Ռ․Մ․- Իսկապես, այդ երկու տարիներից հետո ես սկսեցի իմ ստեղծագործություններում ավելի շատ անդրադառնալ սոցիալական խնդիրներին։ Հիմնականում ես սիրում եմ ապակառուցել այն, ինչ կա: Երբ տեսնում եմ, որ երկիրը լավ չի գործում, փորձում եմ այն ապակառուցել՝ սկսելով զրոյական կետից, ցույց տալու մարդկանց, որ կարելի է այդպես վարվել։ Կարծում եմ, որ ատելությունը հիմնականում գալիս է թյուրիմացությունից։ Բայց թյուրիմացությունը միայն լեզվից չի գալիս, այն գալիս է չլսելուց, դիմացինին չտեսնելուց, դիմացինին չզգալուց: Ի վերջո, մենք ապրում ենք զգացմունքային աշխարհում: Իմ պերֆորմանսներով ես փորձում եմ ապակառուցել եղածը, որպեսզի վերակառուցեմ ավելի լավ հասարակություն։
Ի՞նչն է Ձեր արվեստի շարժիչ ուժը։
Ռ․Մ․- Ես շատ հետաքրքրասեր և նաև հմուտ մարդ եմ, քանի որ զբաղվել եմ արվեստի բազմաթիվ ձևերով: Սիրում եմ այդ բոլոր ձևերը և չեմ կարող բաց թողնել որևէ մեկը: Ես շատ փոքր տարիքից բախվել եմ բազմաթիվ անարդարությունների և շատ շուտով զգացել եմ, թե ինչ սխալ է այդ ամենը։ Իմ շարժիչ ուժը հոգևոր աճի միջոցով անարդարության դեմ պայքարելն է: Որովհետև ես նաև հասկանում եմ, որ որպես մարդ սխալական եմ՝ ունենալով աղտոտված միտք: Այնուամենայնիվ, ես գտա իմ մտքերը մաքրելու ձև՝ Վիպասանայի մեդիտացիան, որը ես կիրառում եմ ավելի քան մեկ տասնամյակ: Արվեստն ինձ համար կապված է Աստծո և հոգևորության հետ: Երբ ստեղծագործում եմ, կարծես աղոթելիս լինեմ: Եթե ես կրոն ունենայի, հավանաբար դա կլիներ արվեստը: Բայց մեդիտացիան նաև օգնում է ինձ չնույնականանալ միայն որպես արվեստագետ և միշտ հիշեցնում է, որ ես ուղղակի մարդ եմ:
Կպատմե՞ք Հայաստանի հետ Ձեր առաջին շփման մասին։
Ռ․Մ․-Ես առաջին անգամ եկա Հայաստան 2017 թվականին Սուսաննայի ղեկավարած արվեստի լաբորատորիային մասնակցելու։ Ինչպես գիտեք, իմ աշխատանքը շատ կապված է սահմանների թեմայի հետ, ուստի մեկնեցի Արցախ՝ բեմադրելու «Վերջին զինվորը» ներկայացումը։ Զինվորական համազգեստով Ստեփանակերտի փողոցներով դանդաղ քայլեցի Բուտո ոճով։ Ձախ ուսիս դրված էր տուֆ քարի մի կտոր, որը ներկայացնում էր Հայաստանի անցյալը, իսկ աջ ձեռքիս՝ սպիտակ շուշան։ Գաղափարը փափկություն բերելն էր այնտեղ, որտեղ կոշտություն կա: Ես չեմ կարծում, որ զինվորները վատ մարդիկ են. նրանք փորձում են պաշտպանել իրենց երկիրը և միայն խաղաղություն են ուզում։ Ես ուզում էի մարմնավորել վերջին զինվորին, մի մարդու, որը խաղաղություն է բերում, այլ ոչ թե կռիվ։ Պատկերացրեք, եթե հակառակ կողմի զինվորները, և ընդհանրապես մարդիկ, որդեգրեին այս մտածելակերպը: Իհարկե, կան ավելի մեծ ուժեր, որոնք մենք չենք վերահսկում, բայց, եթե ամեն մեկը անի իր մասը, ես հավատում եմ, որ աշխարհը կարող է փոխվել:
Երևանում ես նաև բեմադրեցի իմ առաջին «Հալվող սահմաններ» ներկայացումը։ Այս ակցիայով ուզում էի խորհրդանշական կերպով հալեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։ Դրոշի գույները հալվեցին գլխիս և իմ սպիտակ վերնաշապիկի վրա, ինչը վերածվեց այն վերացական նկարի, որը ես անվանում եմ «Քաղցր դրոշ»: Դա ընդհանուր մարդասիրության մանիֆեստ էր, այլ ոչ թե քաղաքական սահմանների։ Մշակույթները բոլորն էլ տարբեր են, և դա չպետք է պատճառ հանդիսանա պայքարելու, թե որն է ավելի լավը: Մենք բոլորս հիանալի ենք, և մենք բոլորս աղբ ենք: Դա նման է այն բանի, երբ դու ստեղծում ես խճանկար. քո գեղեցիկ սալիկները հավաքելուց հետո միշտ մնում են մնացորդներ։
Հարցազրուցը՝ Աշոտ Փափազյանի
Ռիկկարդո Մատլակասը (ծն. 1990, Նեապոլ, Իտալիա) Լոնդոնում բնակվող բազմամասնագետ արվեստագետ է: Նա առավել հայտնի է իր բազմատաղանդ կարողություններով արվեստի տարբեր ձևերում՝ ներառյալ պերֆորմանսը, պարը, նկարչությունը և քանդակը: Նա ստացել է քանդակագործության աստիճան Նեապոլի Գեղարվեստի համալսարանում և սոցիալական քանդակի մագիստրոսի կոչում Օքսֆորդի Բրուքս համալսարանում: Ռիկարդոն գնահատում է այն համատեքստը, որտեղ նա աշխատում է որպես իր աշխատանքի հիմնական ոգեշնչում՝ գտնելով ընդհանուր կապ յուրաքանչյուր մշակույթի հետ, որի հետ աշխատում է: Նա ստեղծում է պերֆորմանսներ և ներկայացումներ ընթացիկ քաղաքական, բնապահպանական և հոգևոր խնդիրների մասին: Ռիկկարդո Մատլակասը բազմիցս հանդես է եկել և ցուցադրել իր ստեղծագործությունները Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Պաղեստինում, Հորդանանում, Հարավային Աֆրիկայում, Իրանում, Հայաստանում, Ռուսաստանում, Մյանմարում, Մավրիկիոսում և Հարավային Կորեայում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.matlakas.co.uk. կայքը