Հանրային արվեստի գործերի ստեղծում
2024 թվականի հունիսին ԺԱԻ-ն և ArtNexus-ը հայտարարել էին «Հանրային արվեստի գործերի ստեղծում» մրցույթի բաց կանչ՝ ՀՀ մի շարք մարզային բնակավայրերում հանրային արվեստի գործերի ստեղծման նպատակով։ Այս նախագծի շրջանակում մենք արվեստագետներին առաջարկել էինք հարթակ և ռեսուրսներ՝ նշված համայնքներում մնայուն արվեստի գործեր ստեղծելու և նոր իմաստներ և գեղարվեստական խորհրդանիշեր առաջ բերելու համար։
Հանրային արվեստի գործերի տեղադրման համար ԺԱԻ-ն ձեռք էր բերել հետևյալ վայրերի համայնքապետարանների նախնական թույլտվությունը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր, Գյուլագարակ,Կուրթան գյուղերը և Ստեփանավան քաղաքը։ Հաղթող արվեստագետներն են՝ Նարեկ Հայրապետյանը, Մանվել Մաթևոսյանը և Սասուն Մարգարյանը։
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Նարեկ Հայրապետյանի «Հազարան բլբուլ» քանդակի բացումը Վարդաբլուր գյուղում։
Գործը ոգեշնչված է Հ․Թումանյանի նույնանուն պոեմով, որի հիմքում ժողովրդական հեքիաթ է։ Հայտնի է, որ իր կյանքի ընթացքում Թումանյանը գրի է առել հեքիաթի 60-ից ավել տարբերակներ, որոնցից «ամենահինն ու ամենալավը» լսել է հենց Վարդաբլուր գյուղում։
Միջոցառումը սկսվեց Գրիգոր Խաչատրյանի «Շշնջացող արձաններ» ինստալյացիայի բացմամբ Վարդաբլուրի գյուղապետարանի մոտ, այնուհետև տեղի ունեցավ Նարեկ Հայրապետյանի քանդակի բացումը, որից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարմամբ հանդես եկավ Չարենցավանի «Կամերտոն» երգչախումբը, այնուհետև՝ հյուրերը մասնակցեցին ազգային պարերի բաց դասի՝ Վանաձորի Իրական դպրոցի թիմի առաջնորդությամբ։
Նարեկ Հայրապետյանը ժամանակակից հայ քանդակագործ է Աղավնաձորից (Վայոց Ձոր): Նարեկի գործերում ժամանակի, ժամանակայնության և «ժամանակակից»-ի հարցերը պայմանավորում են քանդակի գաղափարական և ոճական կարևորագույն կողմը։
Շուտով տեղի կունենան նաև Սասուն Մարգարյանի և Մանվել Մաթևոսյանի գործերի բացումը։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ