Հետազոտության հենքով արվեստի արվեստանոց

(ղեկավար՝ Ռուբեն Արեւշատյան)


Այս արվեստանոցը նախատեսված է Հետազոտության հենքով արվեստի պրակտիկաներով հետաքրքրվող արվեստագետների համար։  Իբրև ժամանակակից արվեստի պրակտիկա, Հետազոտության հենքով արվեստը, ձևավորվել է կոնցեպտուալ արվեստի զարգացման տիրույթում։ Ի տարբերություն գիտական հետազոտության, որի նպատակը երևույթների, առարկաների, փաստերի միջև առկա կապերի որոնումն է, բնության մեջ գործող օրենքների, հասարակական հարաբերությունների մեջ առկա օրինաչափությունների բացահայտումը, արվեստային հետազոտության կենտրոնանում է իրական որևէ խնդրի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու և քննադատական դիրքերից այն մեկնաբանելու հանգամանքի շուրջ։ Նման մոտեցումը պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, որոնք չեն սահմանափակվում արվեստի տեսությամբ կամ պատմությամբ, այլ ենթադրում են դիտարկման ավելի լայն օպտիկա, տեսական մի գործիքակազմ, որը թույլ է տալիս բացահայտելու թեմայի կապը իրականության տարատեսակ համատեքստերի հետ (սոցիալական, քաղաքական, մշակութային, գաղափարաբանական և այլն)։ Բնույթով լինելով ինստիտուցիոնալ՝ Հետազոտության հենքով արվեստը գործառնական տեսակետից կատարողական է։ Սա նշանակում է, որ հավաստի և զգացական առումով համոզիչ լինելը հետազոտող արվեստագետի համար ևս առաջնային է։ Ուստիև ուսանողը արվեստանոցում սովորելիս այս կամ այն նյութը հետազոտելու կարողությունների հետ մեկտեղ, պետք է ձեռք բերի այն արտահայտչականորեն ներկայացնելու և մատուցելու հմտություններ: