Շոն Մաքալիսթեր. Ինքնության եւ արտացոլանքի միջեւ
Ժամանակակից արվեստի ինստիտուտն իր նիստ[ու]կաց համայնքային կենտրոնի եւ արվեստագետների կացարանի հետ միասին պատիվ ունի հայ հանդիսատեսին ներկայացնել ականավոր բրիտանացի կինովավերագրող, Սանդենս կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերին, ով հոկտեմբերի 1-4-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից անցկացվող Բրիտանական օրերին: Ծրագիրն իրականանում է դեսպանության աջակցությամբ, համադրող՝ Թագուհի Թորոսյան:
Այցի ընթացքում Շոն Մաքալիսթերը առիթ կունենա ներկա գտնվել Երեւանում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններին, նաեւ նախատեսվում է հանդիպումների շարք մասնագիտական եւ ավելի լայն հանդիսատեսի հետ: Ծրագիրը ներառում է վարպետության բաց դաս եւ գործնական դասընթաց սկսնակ կինոռեժիսորների եւ արվեստագետների համար:
Ֆիլմերի ցուցադրությունների եւ արվեստագետի հետ հանդիպումների ծրագրին ծանոթացեք այստեղ` http://www.ica.am/sean-mcallister-program/?lang=hy:
Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի բացառիկ կինեմատոգրաֆիական անդրադարձներ Միջին Արեւելքի հասարակության եւ սովորական մարդկանց կյանքին՝ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես՝ Իրաքյան պատերազմի, Արաբական գարնան, իսրայելապաղեստինյան հասարակության/ների հատվածավորման, Սիրիայի քաղաքացիական պատերազմի, ինչպես նաեւ՝ Ճապոնիայում տնտեսական անկման ու Բրիտանական հասարակության եւ ապաստան հայցողների միջեւ:
Կենսագրական
Թողնելով դպրոցը 16 տարեկանում՝ Շոն Մաքալիսթերը սկսեց աշխատել գործարաններում մինչեւ տեսախցիկ գտնելը եւ նկարահանումներով իր ճանապարհը դեպի Ազգային կինոդպրոց հարթելը: 1996-ին ավարտելով՝ Մաքալիսթերը սկսեց ֆիլմեր նկարահանել BBC-ի եւ Channel 4-ի համար՝ աշխատելով Բրիտանիայում, Իսրայելում, Իրաքում, Ճապոնիայում, վերջերս էլ՝ Սիրիայում եւ Եմենում: 2005-ին նրա «Բաղդադի Լիբերաչին» ֆիլմը (Իրաքում բնակվող դաշնակահար Սամիր Փեթերի մասին) Ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ («Համաշխարհային վավերագրություն» անվանակարգում) Սանդենս կինոփառատոնի շրջանակներում:
Շոն Մաքալիսթերն այժմ նկարահանում է Մեծ Բրիտանիայում եւ Միջին արեւելքում:
Կայք՝http://www.seanmcallister.com/
Բլոգ՝ www.tenfootfilms.co.uk
Facebook՝ facebook.com/tenfootfilms
Twitter՝ twitter.com/mcallisterfilms