Տրանսցենդենտալ տիեզերքի հնչյուններ. հարցազրույց Մաթիաս Շնայդերբանգերի հետ «Benoît and the Mandelbrots»-ից

ՀայԱրտ ցուցահանդեսային տարածքի մթության մեջ աղոտ լույս է շողում երեք անշարժ կերպարանքների վրա։ Միայն նրանց մատներն են շարժվում, և երբ մենք փակում ենք մեր աչքերը, առեղծվածային հնչյուններով տեղափոխվում ենք տրանսցենդենտալ տիեզերք: Մեր տեսած կերպարանքները «Benoît and the Mandelbrots» խմբի անդամներն են, որոնք համակարգիչը համարում են իրենց հիմնական գործիքը, իսկ երաժշտությունը կատարում են կենդանի կոդավորմամբ։ Խումբը ձևավորվել է 2009 թվականին Գերմանիայի Կարլսրուեի Երաժշտագիտության և երաժշտական ինֆորմատիկայի ինստիտուտի չորս ուսանողների կողմից: Մենք զրուցեցինք խմբի անդամներից Մատիաս Շնայդերբանգերի հետ (այս անգամ որպես եռյակ հանդես եկող)՝ ավելին իմանալու արվեստի այս նորարար ձևի և ԱՐԷ կատարողական արվեստի փառատոնում նրանց ելույթի մասին:

Ի՞նչ է կենդանի կոդավորմամբ երաժշտությունը եվ ինչպե՞ս եք այն կատարում:

Մաթիաս Շնայդերբանգեր – Կենդանի կոդավորմամբ երաժշտության մեջ համակարգիչը հիմնական գործիքն է։ Այն, ինչ մենք անում ենք, հիմնական կոդը գրելն է, որը մեկնաբանվում է համակարգչի կողմից և արտահայտվում ձայնային կառուցվածքների միջոցով: Արդյունքը տատանվում է էլեկտրոնայինից և ամբիենթից մինչև փորձարարական, աղմուկ կամ ավանգարդ երաժշտություն: Որպես խումբ՝ մեզ համար կարևոր է լինել նույն ցանցում, որպեսզի ելույթի ընթացքում կարողանանք շփվել չաթի միջոցով: Մենք սկսեցինք օգտագործել պարզ ածականներ՝ աղմկոտ, ռիթմային և այլն, որպեսզի կարողանանք փոխանակել մեր մտքերը, երբ ուզում ենք հասկանալ, թե որ ուղղությամբ գնանք: Անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր ձայնային շերտերի համար, բայց մենք նաև հնարավորություն ունենք փոխելու ընդհանուր պարամետրերը, ինչպիսիք են տոնայնությունը և տեմպը։

 

No alt text provided for this image

Ներկայացման նախնական կոդը ցուցադրվում է ուղիղ եթերում

 

Քանի որ կոդավորումը շատ վերացական պրակտիկա է, ինչպե՞ս եք պատկերացնում, թե ձեր գրած կոդը ինչպիսին է ստացվելու։

Մ․Շ․ –Դա շատ կապ ունի երևակայության հետ: Ես հիմնականում փորձում եմ կանխատեսել, թե ինչպես կհնչի իմ կոդը։ Դա ինչ-որ կերպ նման է հետադարձ կապի: Մենք փորձում ենք ձայնը պատկերացնել ալգորիթմներով, գնահատել համակարգչի պատասխանը, այնուհետև հարմարեցնել այն․․․ կամ զարմանալ մի բանից, որը չէինք սպասում: Եթե ես հստակ իմանայի, թե ինչ եմ անում, այնքան էլ հետաքրքիր չէր լինի։ Փորձարարությունը միշտ առկա է ընթացքում։

Ի՞նչն էր յուրահատուկ ՀայԱրտի ձեր պերֆորմանսում։

Մ․Շ․- Շատ հետաքրքիր էր կլոր տարածությունը իր հնչեղությամբ: Ակուստիկ տեսանկյունից դա իհարկե կարող է դժվարությունններ առաջացնել: Բայց այդ իրավիճակներում կենդանի կոդավորումը շատ «տեղին» է: Քանի որ մենք սովորաբար սկսում ենք դատարկ էջից, մենք իսկապես կարող ենք արձագանքել սենյակին: Սա այն է, ինչ ինձ ամենաշատը դուր եկավ ՀայԱրտի տարածքում. լսել, թե ինչպես են հնչում հնչյունները սենյակի արձագանքում: Մյուս առանձնահատուկ բանը՝ կատարողների կազմն էր: Առաջին անգամն էր, որ Պատրիկը, Հոլգերը և ես հանդես էինք գալիս որպես եռյակ։ Սովորաբար մենք նվագում ենք չորսով, կամ դուետներով կամ այլ արտիստների հետ: Այս կազմով մենք գնացինք այնպիսի վայրեր, որտեղ երբեք չէինք եղել, նույնիսկ փորձերի ժամանակ։

 

No alt text provided for this image

Հոլգերի, Մատիասի և Պատրիկի կատարումը, ԱՐԷ կատարողական արվեստի փառատոն

 

Ձեր ելույթը ՀայԱրտում, թվում էր, թե դուրս է եկել էլեկտրոնային երաժշտության մեջ տարածված ցիկլային մոտեցումից: Ինչպե՞ս եք դարձնում ձեր երաժշտությունը օրգանական:

Մ․Շ․ – Դա միաժամանակ մի քանի ձայնային շերտերի վրա աշխատելու արդյունքն է: Մենք չպետք է մտածենք ցիկլերի կամ օրինաչափույթունների մասին, հատկապես, երբ մենք ստեղծում ենք ատմոսֆերիկ կամ աղմուկի վրա հիմնված շերտեր: Մեզանից յուրաքանչյուրն այդ ընթացքում ձայն է ստեղծում և փոխում դրա պարամետրերը: Դա նման է ինքնաշխատ ստեղծելուն, որը թողնում ես, որ աշխատի, մինչ աշխատում ես մեկ ուրիշի վրա, իսկ հետո ավելի ուշ վերադառնում ես փոփոխելու: Ես երբեմն ստեղծում եմ շատ երկար ձայներ, որոնք անցնում են այնքան փուլերով, որ դուք իրականում չեք կարող նույնականացնել օրինաչափությունը:

 

Դուք հիմնականում իմպրովիզացիայով եք զբաղվում։ Երբեմն զգո՞ւմ եք, որ հանդիպել եք ինչ-որ յուրահատուկ բանի, որը կցանկանայիք կոմպոզիցիայի վերածել։

Մ․Շ․ – Հենց ամենասկզբից մենք այնքան տարված ենք եղել յուրահատուկ կատարումներով, որ երբեք չենք մտածել այն ձայնագրելու կամ վավերագրելու մասին: Մեր «Benoît and the Mandelbrots» LP-ի համար մենք ձայնագրեցինք մի քանի իմպրովիզացիոն սեանսներ և խմբագրեցինք դրա տարբեր մասերը՝ նոր ստեղծագործություններ ստեղծելու համար: Բացի այդ, մենք նաև ներգրավված ենք եղել կինոնախագծերում՝ կենդանի երաժշտություն կատարելով 1920-ական և 1930-ականների երկու սև-սպիտակ ֆիլմերի համար։ Բայց մենք նաև իրականացրել ենք հենց այն, ինչ Դուք նշել եք Ձեր հարցում։ Ձայններն ու կառուցվածքները, որոնք մենք իմպրովիզացրել ենք մեր փորձերի ժամանակ, ներառվել են վերջնական ստեղծագործության մեջ: Միևնույն ժամանակ, մենք բավականաչափ պարամետրեր ազատ ենք թողել, որպեսզի կարողանանք դրանցով խաղալ պերֆորմանսի ժամանակ։

Հարցազրույցը՝ Աշոտ Փափազյանի