Կատարողական պրակտիկաների ուսումնասիրության արվեստանոց

(ղեկավար՝ Նազարեթ Կարոյան)

Այս արվեստանոցում ուսումնասիրվում են կատարողական տարատեսակ պրակտիկաներ (կուրատորություն, քննադատություն, հավաքչություն, արխիվացում և այլն), որոնք  ապահովում են արվեստի գործերի հանրային շրջանառություն։ Հենվելով հումանիտար ուսումնասիրությունների ոլորտում (լեզվաբանություն, գենդերային ուսումնասիրություններ, տնտեսագիտություն, կառավարում, ծրագրավորում և այլն) ստեղծվող ընդհանուր տեսությունների վրա  և, նկատի ունենալով մարդկային գործունեությունների դաշտում տեղի ունեցող փոխակերպումները, արվեստանոցում իրականցվող ուսումնասիրությունը կենտրոնանում է կատարողական պրակտիկաների գերադաս դիրք գրավելու և դրա բերած հետևանքների վրա: Հետարդիության տեսաբանները կատարողականությունը համարում են նշանային մի եղանակավորում, որը ներկայացնում է ներկայացման ժամանակաշրջանի ոգին։ Արվեստը հաղթահարելով առարկայի և անձի միջև առկա պառակտումը, ի հայտ է գալիս մեկ միասնական ներկայացման մեջ։ Չկա ներկայացում՝ չկա առարկա կամ անձ, անգամ իրականություն։ Այստեղից էլ առաջանում է նաև շրջանակն(կառույց, հաստատություն) ուսումնասիրելու խնդիրը: Ներկայացումը գոյություն չունի շրջանակից դուրս։ Շրջանակը ներկայացման ածանցյալն է, ներկայացումը՝ շրջանակի գործառույթ։ Կատարողական պրակտիկաների ուսումնասիրության համար անհրաժեշտ գիտելիքներ ունենալուց բացի՝ ուսանողը արվեստանոցն ավարտելիս պետք է հմուտ լինի և կարողանա դրսևորվել դրանցից որևէ մեկում։