Հետքեր
Ժամանակն է ճամփա ընկնելու․ հեռվից ամեն ինչ մշուշոտ է, այնպես որ մոտ արի, բացահայտի՛ր Իջևան համայնքի 18 գյուղերը։ Այստեղ կգտնես մեր գունազարդ ցուցատախտակները, որոնք լույս են սփռում հին ու նոր պատմությունների վրա։
1 Իջևան - Եթե ագաթ ես փնտրում, ճիշտ տեղում ես։ Mayilyan /handmade and hiking ընկերությունը տարածում է ագաթի մշակման արհեստն ու մշակույթը։
2 Իջևան - Ի՞նչ ես տեսնում այս զարդանախշին նայելիս։
Եթե ցանկանում ես իմանալ ավելին, VANI art studio – ն զարգացնում է հայկական զարդանաշխերի վերաբերյալ գիտելիքներն ու խրախուսում՝ դրանց առօրյա կիրառումը։
3 Իջևան - Չմոռանաս գիշերը աստղերին նայել։
Astro Tour–ը առաջարկում է աստղադիտակներով տուրեր և այլ հետաքրքիր փորձառություններ։
4 Իջևան - Շուլալ կարպետի համար եկե՛ք Թելիկ:
«Թելիկ» ստուդիան կազմակերպում է կարպետագործության դասընթացներ Իջևանի համայնքի բնակիչների համար։
5 Ենոքավան - Հյուրասեր գյուղ, հազար ու մի բույս ու հազար ու մի զբոսաշրջիկ։
Ենոքավանը հայտնի է իր սարերի բույսերով, և սիրված զբոսաշրջային ուղղություն է դարձել բնասերների համար։
6 Ծաղկավան - Ծեփը ծփում է, ծաղիկը ծաղկում է։
Ծաղկավանցի մի քանի ընտանիքներ սերնդե–սերունդ գաջագործ վարպետներ են, իսկ գյուղը լի է ծաղիկներով և շրջապատված է փառահեղ բնությամբ (այստեղից է ծագում գյուղի անունը)։
7 Դիտավան - Քարի ուժը՝ մեզ պահապան։
Նայի՛ր սարի գագաթին, որ տեսնես Դիտավանի պահապան վիթխարի ժայռը։ Եթե ուզենաս այն մոտիկից տեսնել, հարցրու ճանապարը և հետևիր արահետին։
8 Բերքաբեր - Այստեղ խաղաղ է անգամ էքստրիմը։
Բերքաբերցիները հաճախ են այստեղ նստում, նայում հորիզոնոին և զրուցում։ Թեև ջրամբարի մյուս կողմում սահմանն է, այս փոքրիկ լողափը խաղաղ է։
9 Կիրանց - Չորրորդ դարից արմատ ենք գցել։
Քաղաքականությունը տեղաշարժում է սահմանները, բայց այստեղ ապրող ընտանիքները այս հողում դարավոր արմատներ ունեն, ինչպես գեղեցիկ ծառը՝ Կիրանցի կենտրոնում։
10 Լուսահովիտ - Թագուհին եկավ, ծռվիզ մնաց։ Բա դո՞ւ ոնց ես։
Ըստ ավանդույթի Վրաստանի թագուհի Թամարան մի օր եկել է Լուսահովիտ և ապշել է գյուղի գեղեցկությունից։
11 Սևքար - Որտեղ տեսա սևքարեցի, քո պատճառով շատ սիրեցի (Աշուղ Ջիվանի)։
Աշուղ Ջիվանուն վերագրվող այս ասացվածքը լսեցինք Սևքարի մի բնակչից։ Գյուղացիները նույնիսկ երբ հեռու են գյուղից, բայց պահում են իրենց կապը։ Ասում են․ «Գյուղից հեռու, գյուղին մոտ»։
12 Աճարկուտ - Մեր սիրտը անտառում է։
Աճարկուտցիք ասում են․ «Մեր սիրտը անտառում է․ որ կողմ նայես՝ անտառ է։ Նախկինում գյուղացիները անտառում էին ապրում, իսկ հետո իջան ճանապարհին ավելի մոտ։ Բայց վերադարձի ճանապարհը չեն մոռանում։
13 Սարիգյուղ - Բոլոր ճանապարհները սկսվում են Չինարի ծառից։
Սարիգյուղի բնակիչները ճանապարհ գնալուց կամ կարևոր որոշում ընդունելուց առաջ ծառից հաջողություն են խնդրում։ Հարցրու՛ ճանապարհը։
14 Խաշթառակ - Հայկական Հոլիվուդ
Շատ ռեժիսորների համար Խաշթառակը դարձել է իրենց պատմությունները բեմադրելու կատարյալ վայր։ Այստեղ են նկարահանվել մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Ջրերը բարձրանում են (ռեժ․ Մոկո Հակոբյան, 1962), Մենք ենք, մեր սարերը (ռեժ․ Հենրիկ Մալյան, 1969), Հուշարձան (ռեժ․ Արբերտ Մկրտչյան, 1972) և Տղամարդիկ (ռեժ․ Էդմոնդ Քեոսայան, 1973)։
15 Վազաշեն - Եթե ճլորդի չես ընկել, հրճվանք չես ապրել։
Արի՛ Վազաշեն հուլիսին Վարդավառի ժամանակ, երբ գյուղացիները ծառերից կապում են ճոճանակներ և զվարճանում։
16 Լուսաձոր - Լույսը մտավ Խավարաձոր, այն դարձրեց Լուսաձոր։
Երբ 30-ականներին գյուղի էլեկտրիկ Անդրանիկ Անտոնյանը այստեղ էլեկտրականություն անցկացրեց, գյուղը, որը Խավարաձոր էր կոչվում, դարձավ Լուսաձոր։
17 Ակնաղբյուր - Այստեղ թուզը պահում է արևի գաղտնիքները։
Ակնաղբյուրի դիրքի շնորհիվ մրգերն այստեղ կատարյալ են հասնում։ Համեցի՛ր ամեն այգի ամռան վերջին և համտեսի՛ր թզի տարբեր տեսակի։
18 Այգեհովիտ -Խաղողի հյութից կյանք է ծորում:
Այգեհովիտը հայտնի է իր խաղողով և գյուղը շրջապատող այգիներով։
19 Գետահովիտ- Երբևէ հանդիպե՞լ եք բազկամարտի չեմպիոնների։
Գետահովտի ժողովուրդը հայտնի է սպորտի բնագավառում, հատկապես` բազկամարտի: Եթե հավես ունենաս, արի ցույց տուր ուժդ։
20 Ազատամուտ - Մշակույթների հավաքական կենտրոն։
Նախկինում մարդիկ գալիս էին այստեղ հարևան գյուղերից՝ բենտոնիտի գործարանում աշխատելու։ Այգիներ չունեցող Ազատամուտը, իր ֆուտբոլի թիմերով ու շենքերով նման չէ որևէ այլ գյուղի։ Մարդիկ ասում են, որ այն մի փոքր քաղաք է, ուր գոյակցում են տարբեր տեղերից եկած մշակույթները։
21 Գանձաքար - Վեհաշուք լեռների գրկում դրախտի մի պատառիկ:
Եթե կասկածում ես, ապա զբոսնիր Գանձաքարով և համոզվիր ինքդ։ Չմոռանաս փորձել այստեղի լոբին, որը հայտնի է ամբողջ տարածաշրջանում։
22 Աչաջուր - Ջրի ճանապարհ՝ կյանքի ճանապարհ։
Աչաջրի կամուրջը ստեղծվել է 1931–ին որպես գյուղի ոռոգման համակարգի կարևոր մաս՝ ջուրը Աղստև գետից դեպի գյուղի այգիներ հասցնելու համար։
*******
Այս ցուցատախտակները ստեղծվել են EU4Culture Network Festival: City Stories, Diverse Voices – ՀԵՏՔԵՐ/ TRACES փառատոնի շրջանակում, որն իրականացրել է Գյոթե Ինստիտուտը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից: