Տեսողական ուսումնասիրությունների արվեստանոց

(ղեկավար՝ Հրաչ Բայադյան)

Այս արվեստանոցի աշխատանքը ներառում է ժամանակակից տեսողական մշակույթի, տեսողական արվեստներին բնորոշ պատկերների և դրանց վերաբերող տեսությունների, նկարագրության ու վերլուծության եղանակների (օրինակ՝ գաղափարաբանության քննադատություն, դիսկուրսի վերլուծություն) ուսումնասիրությունը։ Ինչպե՞ս հասկանալ արվեստի այն գործերը, որոնք խոսում են նոր ու անծանոթ լեզվով, առաջարկում նշանագիտական, պատումային կամ հռետորական կոդեր, որ դիմադրում են ապակոդավորման ընդունված ձևերին: Ինչպե՞ս ընթերցել այն պատկերների կամ առարկաների ուղերձները, որոնք արտադրվել են ոչ գեղագիտական նպատակներով կամ էլ, գործածելով արվեստային ձևեր, իրենց ծնունդ տված պահանջները թաքցնում են սոցիալական կյանքի հորձանուտում։ Տեսողական ուսումնասիրությունների արվեստանոցում ուսանելը ենթադրում է այնպիսի նախնական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնց հետագա զարգացումը ուսանողներին թույլ կտա կատարել ամենատարբեր միջոցներով արտադրված տեքստերի քննադատական մեկնաբանություն՝ կերպարվեստի գործից մինչեւ լուսանկար ու կինոնկար, գովազդի ու նորաձևության նմուշներից մինչև սոցիալական ցանցերի տարատեսակ արտադրանք։