Շշնջացող արձաններ, Ինտերակտիվ ինստալացիա
Կարող եք տարակուսել՝ ասելով թե ինչու ձայն տալ համր (քարե, բրոնզե կամ այլ նյութից կերտված) արձաններին, երբ առանց այդ էլ աղմուկը քաղաքում շատ է։ Խուսափելու համար կողմնակի այդ հետևանքից (նաև քաղաքացիների՝ այս տիպի հավանական ու արդարացի գնահատականից), նախագծով ենթադրվում էր, որ արձանները պետք է ընդամենը շշնջան։ Բայց շշունջը միայն ձայնի բարձրությունը չէ, միայն նյութական հատկանիշ չէ, այն նաև իր մեջ «լռելու» հստակ ուղերձ է պարունակում, «լռություն պահպանելու» մի հրահանգ, առանց որի անհնար կլինի ընկալել շշունջով ասվողը։
Կհարցնենք, այնուամենայինիվ, ինչ նպատակով (այսինքն՝ ո՞րն է արձանները «խոսեցնելու» դրական իմաստը)։ Բացատրենք։ Հայտնի է, որ արձանները միշտ դիմագրավում են երկու տեսակի վտանգ. նախ, երբ «մոռացման անտառն» է տարածվում, ու ծածկելով արձանը՝ այն դարձնում է գրեթե անտեսանելի։ Երկրորդը, երբ քնից արթնանում է «հիշողության հրեշը», և տվյալ արձանի մեջ մարմնավորված պատմական այդ անձի նկատմամբ նախկինում դրական վերաբերմուքը փոխվում է բացասականի ու շրջվում արձանի դեմ։