Ցուցադրությունը ներկայացնում է երեք ռոբոտային մեդիա աշխատանք, որոնք
վերաիմաստավորում են մարդու և մեքենայի փոխհարաբերությունները՝
բացահայտելով այն սահմանը, որտեղ ավարտվում է մարդկային մտադրությունը և
սկսվում է մեքենայական ինքնագործունեությունը։ Մենք հաճախ ենք հակված
ռոբոտներին վերագրել զգացմունք, միտք ու բնավորություն․ այդ կերպ նրանց
մարդապատկերելով՝ միաժամանակ բացահայտում ենք և՛ մեր ցանկությունը կապ
հաստատելու ոչ-մարդկայինի հետ, և՛ մեր պատկերացումները կյանքի,
ստեղծագործության ու ինքնավարության մասին։
«Երկխոսություն» (Էլենա Գուբանովա և Իվան Գովորկով, 2018 / CYLAND
Workshop) խորհրդանշական հանդիպում է ստեղծողի և իր ստեղծագործության
միջև։ Աշխատանքի նախատիպը Միքելանջելոյի հանրահայտ որմնանկարներից
մեկն է՝ «Աշխարհի ստեղծումը»։ Ռոբոտային թևերը կատարում են մարդկային
շարժումների հիշեցնող ժեստեր՝ ցույց տալով ապագայի պարադոքսը․ մարդը
ստեղծել է մեքենան, որը կրկնում է իր ստեղծողի հույզերն ու շարժումները՝
խախտելով հեղինակության և սուբյեկտիվության սահմանները։
«Ուրիշ ռոբոտ» (Աննա Ֆրանտս, 2025 / CYLAND MediaArtLab) պատմում է
Անատոլի անունով փոքրիկ մեխանիկական ձեռքի մասին, որը ձգտում է
ստեղծագործել հատուկ նպատակ ունեցող մեքենաների աշխարհում։ Այս
խաղային, միաժամանակ փիլիսոփայական աշխատանքը վերածում է
տեխնոլոգիական փոխազդեցությունը ստեղծագործական ազատության
դաշտի։
«Էմոցիոնալ գիտակից ռոբոտ» (Աննա Ֆրանտս, 2025 / Engineering City)
վերափոխում է մարդկային դեմքի արտահայտությունները մեխանիկական
շարժումների՝ բացահայտելով ընկալման ու տեխնոլոգիայի նուրբ հատումը և
հաղորդակցության երկիմաստությունը։
Այս երեք աշխատանքները միասին ստեղծում են փորձառական միջավայր, որտեղ
մարդն ու մեքենան հայացք են գցում միմյանց՝ արտացոլելով, ընդօրինակելով և
միաժամանակ հակադրվելով։ Այցելուները կարող են անմիջականորեն փոխազդել
ռոբոտների հետ՝ դիտելով, թե ինչպես են նրանց շարժումները մի կողմից
արձագանքում մարդկային ժեստերին, իսկ մյուս կողմից ձգտում անկախ գոյության՝
հիշեցնելով մեր վերահսկողության և ստեղծագործական պատասխանատվության
սահմանների մասին։
***
Այս ցուցահանդեսն անցկացվել է CYFEST մեդիաարվեստի միջազգային փառատոնի շրջանակներում: CYFEST: Midpoint-ի միջոցառումների շարք, որը վերաիմաստավորում է
մեդիաարվեստի ծագումը և դրա արձագանքները մեր օրերում։ Ֆիլմերի
ցուցադրությունների, ձայնային ինստալյացիաների, ռոբոտային մեդիայի և կենդանի
կատարումների միջոցով փառատոնը ձևավորում է գաղափարական ու
գեղարվեստական շարունակականություն՝ սկսած կինոյի, հեռահաղորդակցության և
էլեկտրոնային ձայնի վաղ փորձարկումներից մինչև մեր օրերի բիոարվեստի,
արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի նորարարական
ուղղությունները։ Փառատոնի հատկանշական իրադարձություններից են Սերգեյ
Փարաջանովի վաղ շրջանի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ցուցադրությունը,
ազդանշանների փոխանցման տեխնոլոգիաներից ներշնչված ձայնային
փորձարարությունները, ինչպես նաև ռոբոտային ինստալյացիաները, որոնք
վերաիմաստավորում են մարդու և մեքենայի փոխազդեցությունը։ CYFEST: Midpoint
փառատոնը կանցնի 2025 թվականի հոկտեմբերի 17-ից 25-ը՝ Երևանի առաջատար
մշակութային կենտրոններում։