«Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ 2․0»

Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ 2․0» ծրագրի երկրորդ թողարկման դիմումների ընդունելությունը։

Ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝ ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից ֆինանսավորվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

Ծրագրի տևողությունը երեք ու կես ամիս է․ 2024թ․ մարտի կեսից հունիսի վերջ։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։

Դիմելու վերջնաժամկետն է 2024թ․ փետրվարի 20-ը։

Ծրագրի մասին

Ծրագիրը ծնվել է երիտասարդ արվեստագետների՝ տարբեր առիթներով մեզ ուղղված հարցերից․

• Ինչի՞ց սկսել

• Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո

• Ինչպե՞ս ինքնակրթվել

• Ինչպե՞ս համագործակցել ցուցասրահների հետ

• Ինչու՞ է պետք աշխատել համադրողի հետ

• Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսների և արվեստի կացարանների ծրագրերի

• Ինչպե՞ս ստանալ դրամաշնորհներ

• Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերել

Եթե ձեզ նույնպես հուզում են այս հարցերը, ապա դիմե՛ք այս ծրագրին, որի ընթացքում դուք ավելի լավ կճանաչեք ձեզ և ձեր արվեստը, կսովորեք ձեզ ճիշտ ներկայացնել, կհղկեք ձեր պորտֆոլիոն և արվեստագետի դիրքավորումը (artist statement), կստեղծեք մասնագիտական ծանոթությունների ցանց և ամենակարևորը՝ ծրագրի մյուս մասնակիցների հետ համատեղ կիրագործեք ավարտական խմբային նախագծեր փորձառու կուրատորների հետ համագործակցությամբ։

Ինչո՞վ է առանձնանում այս ծրագիրը

Թեև այս ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան ցանկացած ստեղծարար ոլորտում կիրառելի գիտելիքներ, մենք հատկապես շեշտադրում ենք տեսողական (վիզուալ) արվեստի ոլորտը իր տարբեր հոսքերով և ենթաժանրերով։ Ուստի, ընտրության հարցում նախապատվությունը կտրվի վիզուալ արտիստներին։

Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ծրագիրը լեցուն է և ընդգրկում է արվեստի աշխատանքի կազմակերպման, հաղորդակցության, մարքեթինգի, ինքնաներկայացման, արվեստի շուկայի թրենդերի և այլ գործընթացների վերաբերյալ դասընթացներ, միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով արվեստագետների, կուրատորների և արվեստի մենեջերների հետ համագործակցության և գործառույթների վերաբաշխման հմտություններին։

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 18-ից 30 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։ Նախընտրությունը տրվում է տեսողական (վիզուալ) արվեստագետներին։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Միջազգային դասախոսությունների ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։

Ի՞նչ ակնկալել ծրագրից

Ծրագրի մասնակիցները կընկղմվեն ժամանակակից արվեստի աշխարհ, կծանոթանան հայաստանյան և համաշխարհային արվեստի դաշտում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, թրենդերին, արվեստի վաճառքի առցանց և անցանց հարթակներին և արվեստի շուկայի ներքին կանոններին։ Դասընթացները կվարեն Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։

Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝

  • Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում,
  • Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,
  • Հաղորդակցություն և տեսանելիություն,
  • Մասնագիտական ոլորտում դիրքավորում,
  • Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,
  • Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,
  • Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։

Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր ճանաչելի դիմագիծը իբրև արվեստագետ, գրագետ կազմված պորտֆոլիո, անհրաժեշտ գիտելիքներ արվեստի ոլորտի մարքեթինգի ասպարեզում, հաղորդակցության գործնական հմտություններ, բազում մասնագիտական կապեր և իրագործված ավարտական նախագիծ։

ՀՀ մարզերից ընտրված մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախս հոգալու կրթաթոշակ։

Մասնակիցները պետք է հաճախեն դասընթացների նվազագույնը 75%-ին ավարտական նախագծերում ընդգրկվելու և մասնակցության վկայական ստանալու համար։

Դիմելու համար լրացրեք այս հարցաշարը։

Հարցաշարին կցվող փաստաթղթերի ցանկը`

• Ինքնակենսագրական (ռեզյումե);

• Պորտֆոլիո (կարող է ներկայացվել նաև առցանց Behance, Dribble, Instagram կամ այլ համապատասխան հարթակներում): Պորտֆոլիո պատրաստելու համար կարող եք օգտվել պորտֆոլիո կառուցելու խորհուրդներից և պորտֆոլիո կառուցելու ձևանմուշից։

Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են այդ նպատակով ձևավորված Ընտրող հանձնաժողովի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև մարտի 10-ը։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Աշոտ Փափազյանի հետ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 98 96 67 52 հեռախոսահամարով։

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

ԺԱԻ-ի մասին

ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևավորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ն խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման ու տարածման նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։

Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց՝ ԺԱԻ-ի դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաներն առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկական հարմարություններ/պայմաններ և գործիքներ՝ հայաստանյան արվեստի դաշտում և ավելի լայն՝ համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։

Կայք | ԺԱԻ Instagram | ԺԱԻ on Facebook

ArtNexus–ի մասին

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատությանը, մշակութային ոլորտի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

ArtNexus ծրագրի մասին ավելին կարդացեք հետևյալ հղումներով․

Կայք : ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook

Նմանատիպ դասընթացներ

Ապրիլի 13, 2026

Գուստաֆ Գրապենգեսերի աշխատարան․ Ինչպես դիմել արտերկրում արվեստի ռեզիդենսիներին

Ապրիլի 7, 2026

Համադրողական մարտահրավերները՝ Առլի լուսանկարչության դպրոցում

Հուլիսի 25, 2025

Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ