Ցուցահանդեսը կարելի կլիներ տալ «Երեքուկես տասնամյակ անց», «Վերադարձ դեպի նկարչություն» կամ սրանց նման պատմական ու հնչեղ այլ վերնագրեր։ Կարելի կլիներ, եթե «Գրիգոր Խաչատրյան․ իմ ժամանակակիցը» դիմանկարների շարքի համար ընդհանուրը չլիներ նորաստեղծ դրոշմակնիքի աշխատանքը: Իր կարմիր հետքը հավասարապես թողնելով յուրաքանչյուր դիմանկարի վրա, այն գալիս է «արհամարհելու» նրանում պատկերված անձի դիմագծերի ճշգրտությունը։ Անտեսի, որպեսզի հետո ուղղանկյուն շրջանակի մեջ վերցված ռուսերեն իր տեքստով (”УМ, ЧЕСТЬ. И СОВЕСТЬ НАШЕЙ ЭПОХИ” ) ընդգծի ընդհանուրը․ Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցը լինելու բերումով նրանց բոլորի՝ միևնույն ժամանակին պատկանելու հանգամանքը։
Խորհրդային դարաշրջանի առավել պաթետիկ լոզունգներից մեկի հեգնական գործածումն, ինչ խոսք, հուշում է, թե խոսքը որ ժամանակի մասին է, և թե ովքեր են այն անձինք, որոնք ժամանակին «երջանկություն են ունեցել» ամենուրեք հանդիպելու Վ․ Ի․ Լենինի՝ կոմունիստական կուսակցությունը բնութագրող այս տեքստը։ Ահա թե ինչու դիմանկարերի այս շարքի մեջ զուտ պայմանականորեն կարելի է տեսնել «վերադարձը դեպի նկարչություն»։
Հար և նման իր տարատեսակ կատարողական պրակտիկաների, այս շարքն իբրև կատարում, կարելի կլիներ գուցե նմանեցնել մարդկայի ռեսուրսների յուրօրինակ, նկարչական ճանապարհով կատարվող կառավարման (HRM)։ Կարելի կլիներ անշուշտ, եթե չխանգարեր արդեն տասնամյակներ առաջ իր «Մանիֆեստ»-ով արվեստագետի արած հեգնական այն հայտարարությունը, ըստ որի ոչ միայն ինքը, Գրիգոր Խաչատրյանը մարդ չէ, այլև իր ժամանակակիցները այդպիսին չեն։ Իհարկե, եթե չլիներ նաև իր ժամանակակիցներին դիմանկարելով առանձին-առանձին հաշվելու արարքից բխող այն թախիծը, որով թաթախված է Գրիգոր Խաչատրյանի այս վերջին հեգնանքը։
– Նազարեթ Կարոյան
Ցուցահանդեսի համադրող՝ Նազարեթ Կարոյան
Ցուցադրության ճարտարապետ՝ Ռուբեն Արևշատյան