Լեո Լեո Վարդանյանն իր նոր «Նյութի ճանապարհը» նախագծով ցանկանում է բացել ստեղծագործական գործընթացի «կուլիսները» և հանդիսատեսին ցույց տալ այն, ինչը սովորաբար չի հայտնվում ցուցասրահներում։
Ի՞նչ է ներկայացնում նկարը։ Արդյո՞ք միշտ այն, ինչ տեսնում ենք կտավի վրա, երբ պատկերվածն արդեն «շրջանակի մեջ է»։ Իսկ ինչպե՞ս անվանենք այն վիճակը, երբ գործը դեռ «չի ծնվել», երբ արվեստագետի մտքում կա մի «բան», որը դեռ անորոշ է։ Կամ՝ ի՞նչ անել այդ անորոշության հետ, դիցուք, ներկապնակին մնացած ներկի մնացորդների, երբ համարում ես, որ ստեղծագործությունդ արդեն պատրաստ է ցուցադրության։
Տեսագրելով ներկի մնացորդների քերելը, արվեստագետը մեզ ասես ցույց տալիս լինի, թե ինչպես է ինքը ներկապնակը մաքրում իր հենց նոր կատարած աշխատանքի հետքերից։ Տեսախցիկի թիրախում, սակայն, մաքրված ներկապնակը չէ, այլ այդ «մաքրումից» առաջացող կոճականման զանգվածները։ Այդ «մանրաքանդակներից» յուրաքանչյուրն իր նրբերանգային առանձնահատկությամբ և կառուցվածքային արտահայտչականությամբ արվեստի ինքնուրույն գործի տպավորություն է թողնում։ Բայց այդ տպավորությունը թվացյալ է, սոսկ պատրանքային։ Իրականում մանրաքանդակը գունային իր երակներում «մտապահում» է և «ակամա» վերարտադրում գունագեղությունն այն կտավի, որի ստեղծմանը մասնակցել են իր բաղադրությունը կազմած ներկերը։
Ցուցահանդեսը հանդիսանում է ԺԱԻ՝ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի ուսանողների, 2024-2026 ուս․ շրջանի կուրսային աշխատանքը։
Համադրողներներ․ Անթառամ Ազատյան, Մերի Մուն, էմմա Մուրադյան, Նազելի Ութուջյան
Հղացքի մշակման արվեստանոց․ Նազարեթ Կարոյան
Նախագծի արտադրության և կառավարման արվեստանոց․ Կարինե Արոյան և Լիլիթ Գրիգորյան
Ցուցադրության ճարտարապետության արվեստանոց․ Ռուբեն Արևշատյան