Մարմնի նկատմամբ հետաքրքրությունը և նրա ուսումնասիրումը սկիզբ է առնում թերևս մարդկության առաջացման հետ զուգընթաց։ Մարմնի միջոցով է մարդը զգացել, ճանաչել, իր շուրջ ձևակերպել սեփական գոյության, կյանքի և մահվան, այլ մարմնի/մարմինների հետ հարաբերակցության, աշխարհի կառուցվածքի, ինչպես նաև երևակայական այլ աշխարհների, գոյության այլ ձևերի, փոխակերպումների, անցումների մասին պատկերացումները, հավատամքները, փորձը, գիտելիքը։ Միշել Ֆուկոն իր «Ուտոպիական մարմին» դասախոսության մեջ ձևակերպել էր մարմինը որպես աշխարհի զրոյական կետ։ «Այնտեղ, որտեղ ուղիներն ու տարածությունները հատվում են, մարմինը գոյություն չունի։ Այն աշխարհի սիրտն է, այն փոքր ուտոպիական միջուկը, որտեղից ես երազում եմ, խոսում, գործում, պատկերացնում, ընկալում իրերը իրենց տարածության մեջ և նաև հերքում եմ դրանք իմ պատկերացրած ուտոպիաների անսահման ուժով։»
Մհեր Ազատյանի գրեթե բոլոր նախագծերն են ուղիղ կամ անուղակի ձևով անդրադառնում ուտոպիական մարմնի խնդրին։ Արվեստագետը իր տեքստային և պատկերային պոետիկ համադրություններում հետևողականորեն ուսումնասիրում է, իմաստավորում և ձևակերպում մարմնից զուրկ մարմնի ուտոպիաները։ Նրա գործերում մարմնի բացակայությունը, որը աչք չզարնող պատկերների և պատահական պարզ մտքերի միջոցով ձեռք է բերում էֆեմեր ռեալացում։ Արվեստագետը յուրացնում և փոխակերպում է տարածությունը իր նոր պատկերային և տեքստային ուտոպիաներով։
Իր նոր նախագծում Մհեր Ազատյանը բացահայտում է մարմնի ուտոպիայի դրվագային էությունը։ Սեփական մարմնի բազմաթիվ հատվածներ մնում են մարդու համար անտեսանելի, հաճախ նաև մարմինը լինում է անդամահատ, սակայն դա չի նշանակում որ մարմինը կորցնում է իր ուտոպիական ամբողջականությունը մարդու գիտակցության մեջ։ Մարդը կարող է կտրվել իրեն հարազատ լանդշաֆտից, ինչպես նաև լանդշաֆտի մարմինը մարդու կողմից կարող է դրվագվել, կտրատվել, բզկտվել սահմանափակելով մարդու/մարդկանց քաղաքական, սոցիալական մարմնի/մարմինների ֆիզիկական ներկայությունը այնտեղ։ Սակայն դա չի բացառում ո՛չ լանդշաֆտի մարմնի ամբողջականությունը, ո՛չ էլ, չնայած խորը հոգեբանական ցավի, այնտեղից կտրված մարդու/մարդկանց գիտակցության մեջ գոյություն ունեցող պատկերացումը և կապը այդ մարմնի հետ։ Նույն կերպ ինչպես Ֆուկոն չի հակադրում ուտոպիան մարմնին, փոխարենը դիտարկելով մարմինը ուտոպիաների սկզբնաղբյուր, այդպես էլ արվեստագետը դուրս է բերում մարմինը իր սահմաններից, նույնանում այլ մարմինների, տարերքների, կերպարների հետ ակնարկելով սակայն ուտոպիայից դուրս մարմնի ներկայությունը։
Արվեստագետը դիտարկում է մարդկային մարմինը իբրև բոլոր ուտոպիաների կենտրոնական դերակատար, որոնց միջոցով մարդը կարողանում է հաղթահարել բաց և անպաշտպան մարմնի վերջավոր լինելու և անհայտության առջև դեմ առ դեմ դուրս գալու տագնապը, ինչպես նաև զգալու, ճանաչելու և կյանք տալու իրականությանը։
Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյան